Կիրանցը ոչ մի անգամ սահմանակից չի եղել Ադրբեջանին. քարտեզներ են հրապարակվել

ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը պնդում է` սահմանագծման և սահմանազատման համար պետք է բացառապես հիմք հանդիսանան 1929 և 1988 թվականի քարտեզները
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. Թե՛ խորհրդային, թե՛ հետխորհրդային տարիներին Կիրանցը ոչ մի անգամ սահմանակից չի եղել Ադրբեջանին (այսինքն` Ադրբեջանի հետ չի ունեցել ընդհանուր սահման), եղել է սահմանամերձ բնակավայր: Այս հայտարարությունը տարածել է ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը։
«Նույնն է իրողությունը նաև Ջողազի ջրամբարի պարագայում, որը նախագծվել ու կառուցվել է Հայաստանի բյուջեով: Այս ամենը վավերացված է ԽՍՀՄ կառավարության կողմից հրատարակված 1988թ. տոպոգրաֆիկ քարտեզով, որը հաստատվել էր Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունների արձանագրությամբ, հանձնվել էր Հայաստանի և Ադրբեջանի Գերագույն խորհուրդների նախագահություններին»,– ասված է հայտարարությունում:
ՀԿ–ն նշել է, որ 1988-ին ավարտված գործընթացը, որը հիմնված էր ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի երեք որոշումների վրա, այն ժամանակվա գործող օրենսդրության համաձայն` ենթակա չէր խորհրդարանների (Գերագույն խորհուրդների) կողմից վավերացմանը:
«Փաստորեն այսօր այս այսպես կոչված սահմանագծմամբ ու սահմանազատմամբ Ադրբեջանը մխրճվում է Հայաստանի մեջ, Հայաստանի տարածք։ Այսպես կոչված սահմանագծման, սահմանազատման այս գործընթացով Հայաստանի հողերն անօրինական կերպով փաստացի նվիրաբերվում են Ադրբեջանին»,– ընդգծել է ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:
Ինչ վերաբերում է իշխանությունների կողմից ԽՍՀՄ ԶՈւ գլխավոր շտաբի` 1976 թվականի քարտեզի վկայակոչմանը, ըստ ՀԿ–ի, այն խաբեություն է, քանի որ դրանք չեն հանդիսանում հանրապետությունների վարչատարածքային բաժանման, հետևաբար սահմանագծման, սահմանազատման հիմք։
«Պահանջեք իշխանությունների կողմից վկայակոչվող 1976 թվականի տոպոգրաֆիկ քարտեզն ու դրա իրավական փաստումը: Սահմանագծման, սահմանազատման համար պետք է բացառապես հիմք հանդիսանան 1929 և 1988 թվականի քարտեզները»,– եզրափակել է ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Հայտարարվեց, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։
Կիրանցի բնակիչները մայիսի 16-ին փակեցին Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը` դժգոհելով հայ–ադրբեջանական պայմանավորվածություններից։ Սակայն հաջորդ օրը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպումից հետո բացեցին ճանապարհը։ Ըստ գյուղացիների` մարզպետն ասել է, որ սահմանազատումն անխուսափելի է, և եթե պետք լինի, պատ կշարեն սահմանի ողջ երկայնքով, որ չտեսնեն ադրբեջանցի սահմանապահներին։