ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. ՀՀ արտաքին հետախուզական ծառայության աշխատակիցները հնարավոր է, որ կարողանան կենսաթոշակի կուտակային ֆոնդերին գումարներ չվճարել։ Այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանը` «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելուց առաջ հարցի քննարկման ժամանակ։
«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում գործող օրենսդրությամբ նախատեսված են այն դեպքերը, երբ մասնակիցը հանում է կենսաթոշակային ֆոնդի իր գումարը։ Հակառակ դրան` նախատեսված չէ, որ անձը կարողանա կրկին շարունակել կուտակումները։ Խաչատրյանը նշեց` պրակտիկայում եղել է դեպք, երբ կենսաթոշակային ֆոնդի շահառուն հիվանդություն է ձեռք բերել, կանխիկացրել է ոջ գումարը, այնուհետև բուժվել է ու ցանկացել է կրկին ֆոնդի շահառու դառնալ, բայց ներկայում այդ հնարավորությունը չկա։
«Առաջարկում ենք այդ հնարավորությունը սահմանել, որպեսզի հիվանդությունները հաղթահարած անձինք կարողանան կրկին վերադառնալ կենսսաթոշակային կուտակային համակարգ։ Առաջարկում ենք ևս մեկ փոփոխություն, որը կապված է Արտաքին հետախուզության ծառայության ստեղծման հետ։ Կան բացառություններ, որտեղ պետական համակարգի աշխատողները գումար չեն կուտակում կենսաթոշակային ֆոնդում` պայմանավորված այդ գերատեսչությունների գաղտնիության որոշակի ռեժիմով` հատկապես հաստիքների գաղտնիությամբ։ Այժմ անհրաժեշտություն կա այս ծառայության աշխատակիցներին նույնպես այդ ցուցակում ընդգրկելու»,– նշեց ԱՍՀ փոխնախարարը։
Նա շեշտեց, որ կուտակային կենսաթոշակային համակարգի մասնակից չեն նաև ՀՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության աշխատակիցները։
ՔՊ–ական պատգամավոր Ալխաս Ղազարյանը փորձեց հասկանալ` արտաքին հետախուզական ծառայության աշխատակիցները սոցիալական որևէ այլ երաշխիք ունե՞ն, թե՞ ոչ։
Փոխնախարարը հայտնեց, որ այդ ծառայողները զինվորական կենսաթոշակին հավասարեցված իրավունք ունեն։
Պատգամավորը նաև հետաքրքրվեց` այն անձը, որը հիվանդությունից հետո կվերադառնա կենսաթոշակային ֆոնդի համակարգին, անհրաժեշտության դեպքում արդյոք կարող է կրկին օգտագործել կուտակված գումարը։
Դավիթ Խաչատրյանը շեշտեց` որևէ սահմանափակում չկա։
Նշենք, որ կուտակային կենսաթոշակային համակարգը Հայաստանում ներդրվել է 2014 թվականից:
Կուտակային կենսաթոշակային ֆոնդի միջոցները ներկայումս կառավարվում են մասնավոր ընկերությունների կենսաթոշակային ֆոնդի կառավարիչների կողմից: