ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik. «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի նախկին գլխավոր ինժեներ Անդրանիկ Մանուկյանը Երևանի քաղաքապետարանին հորդորում է հանձնաժողով ստեղծել և միասին հասկանալ, թե ինչ չարաշահումներ են եղել իր պաշտոնավարման շրջանում։
Հայտնել ենք, որ հասարակական տրանսպորտի վարորդները Երևանում գործադուլ են անում` դժգոհելով, որ ապրիլի 8-ին «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի տնօրենի ԺՊ նշանակված Սամվել Նազարյանն անհիմն ազատումներ է անում ընկերությունում, հիմա էլ հերթը հասել է գլխավոր ինժեներ Անդրանիկ Մանուկյանին։
«Հիմա առաջին հարվածն իմ վրա պետք է լինի, որ իբր ես այս ամենը կազմակերպել եմ։ Եթե ես իրոք չարաշահումներ եմ թույլ տվել, թող գան, ինձ կալանավորեն։ Հիմա էլ աուդիտ է արվում, նախորդ տարի էլ է արվել, թող պարզեն»,–լրագրողների հետ զրույցում ասաց Մանուկյանը։
Մանուկյանը վարորդներին հորդորում է աշխատանքի դուրս գալ։
Այս պահին Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների անդամներից մի քանիսն էլ եկել են վարորդներին լսելու և առաջացած խնդրի համար լուծումներ փնտրելու։
Հիշեցնենք` Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ հասարակական տրանսպորտի որոշ երթուղիների վարորդներ չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները և ուղեգծերից դուրս են եկել: Երևանի քաղաքապետարանը վարորդների այս նախաձեռնությունը դիտարկել էր որպես սաբոտաժային քայլ՝ ընդդեմ տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումների:
Վարորդներն, այնինչ, միաձայն հայտարարում են, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Սամվել Նազարյանը հին աշխատողներին անհիմն հեռացնում է, իր մտերիմներին տեղավորում աշխատանքի, դրա համար էլ նրա հետ աշխատել չեն ուզում, իրենց նախկին ղեկավարների վերադարձն են պահանջում։