Վարորդները «ո՛չ» ասացին Տիգրան Ավինյանին, բայց «ենթարկվեցին» Անդրանիկ Մանուկյանին

Տիգրան Ավինյանը վստահեցրեց, որ առանց իր համաձայնության ոչ մեկին աշխատանքից չեն ազատում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մայիսի – Sputnik․ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը պատրաստվում է առանձին հանդիպել «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի ինժեներ Անդրանիկ Մանուկյանի հետ։ Այս մասին նա ասաց հավաքակայանում բողոքի ակցիա անցկացնող հասարակական տրանսպորտի վարորդներին։
«Ամեն հարցի, խնդրի բարձրաձայնում իր ճիշտ մեթոդաբանությունն ունի։ Եթե ուզում եք ասել, որ պարոն Մանուկյանին անարդար ձևով են հանում, միգուցե. ես նրան խոստացել եմ, որ առանձին կընդունեմ, կխոսենք, փաստարկները կլսեմ, իր ներկայացրած ֆինանսական թվերը կլսեմ։ Ինչքան էլ մենք սիրենք պարոն Մանուկյանին, մեր աչքի լույսը լինի, բայց դա երևանցիների համար չպետք է դարձնենք խնդիր. այս պահին հազարավոր երևանցիներ կանգառներում սպասում են։ Նրանք մեզ բոլորիցս ավելի կարևոր են»,– հայտարարեց նա։
Քաղաքապետը նաև ասաց, որ մինչ օրս ամեն ինչ արել են` լուծելու վարորդների առաջ քաշած խնդիրները։ Օրինակ` այս տարվա սեպտեմբերին նոր ավտոբուսների և նոր համակարգի ներդրմամբ ամենօրյա «պլան» հասկացողությունը վերանալու է։
«Մենք ուզում ենք ցիվիլ, լավ աշխատավարձով, միայն մեր գործի վրա կենտրոնանալով` նորմալ աշխատել»,– հայտարարեց նա։
Անդրադառնալով «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ում եղած ֆինանսական խնդիրներին` Ավինյանն ասաց, որ առնվազն տարօրինակ է, երբ մարտին հասարակական տրանսպորտի միջին հավաքագրումը կազմել է 20 մլն 500 հազար դրամ, իսկ ապրիլին` 24 մլն 500 հազար դրամ։
Եթե չարաշահումներ եմ թույլ տվել, թող գան, կալանավորեն. «Երևանի ավտոբուսի» գլխավոր ինժեներ
«Ես ձեզ խոստանում եմ` ով մեղավոր է, նա էլ կպատժվի ամենախիստ ձևով։ Այս թվերի տարբերության հետ կապված խնդիր կա, եթե վաղը պարզվի, որ Մանուկյանը կապ չունի, մենք ներողություն կխնդրենք նրանից»,– նշեց քաղաքապետը։
Ինչ վերաբերում է կադրային փոփոխություններին, ապա Ավինյանը վստահեցրեց, որ առանց իր համաձայնության ոչ մեկին աշխատանքից չեն ազատում։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, դիմելով վարորդներին, հարցրեց. «Ձեզնից ո՞վ է հրաժարվում գնալ, կանգառներից մարդկանց տուն տանել»։
Հավաքված բոլոր վարորդները միահամուռ ձեռք բարձրացրին։
Քիչ անց Անդրանիկ Մանուկյանը բարձրացավ ու կանգնեց Ավինյանի կողքին։ Հավաքված վարորդները նրան դիմավորեցին ծափողջույններով ու «Մանուկյան» վանկարկումներով։
Դիմելով հավաքվածներին` Մանուկյանը կոչ արեց գնալ, կանգառներից մարդկանց տուն տեղափոխել։ Մանուկյանի խոսքից հետո վարորդների շարքերը նոսրացան։
Հավելենք, որ այս պահին հավաքակայանում տեղի է ունենում Տիգրան Ավինյանի և Անդրանիկ Մանուկյանի առանձին հանդիպումը։
Հիշեցնենք` Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ հասարակական տրանսպորտի որոշ երթուղիների վարորդներ չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները և ուղեգծերից դուրս են եկել: Երևանի քաղաքապետարանը վարորդների այս նախաձեռնությունը դիտարկել էր որպես սաբոտաժային քայլ՝ ընդդեմ տրանսպորտի ոլորտում իրականացվող բարեփոխումների:
Վարորդներն, այնինչ, միաձայն հայտարարում են, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ–ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Սամվել Նազարյանը հին աշխատողներին անհիմն հեռացնում է, իր մտերիմներին տեղավորում աշխատանքի, դրա համար էլ նրա հետ աշխատել չեն ուզում, իրենց նախկին ղեկավարների վերադարձն են պահանջում։