ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. Տավուշում սահմանազատման արդյունքում 24 դիրք է հանձնվում Ադրբեջանին։ Այս մասին այսօր Բագրատ սրբազանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց քաղաքագետ Հրանտ Միքայելյանը։
Նա հիշեցրեց, որ խնդրո առարկա են նաև անկլավները ու նշեց, որ այս գործընթացից հետո Ադրբեջանը կապ է պահանջելու այդ անկլավային տարածների հետ և ավելի շատ է «մտնելու» Հայաստանի տարածք։
«Իսկ այդ տեղերից նա կարողանալու է վտանգի ենթարկել թե՛ Հայաստանի ու Վրաստանի սահմանը, թե՛ խոցել Լոռու մարզը։ Այսպիսով մեր պաշտպանական գիծը ամբողջությամբ խախտվելու է, ու դա այն պայմաններում, որ Ադրբեջանը տարիներ ի վեր փորձում էր այնտեղ ինչ-որ բան անել, բայց չէր կարողանում, իսկ Փաշինյանի կառավարության օրոք լուրջ հաջողություններ ունեցավ»,– ասաց նա։
Իսկ Սյունիքում, Գեղարքունիքում և Վայոց Ձորում, ըստ քաղաքագետի, ադրբեջանական կողմը լուրջ հաջողություն է ունեցել, քանի որ այնտեղ պատշաճ ենթակառուցվածքներ չեն ստեղծվել։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Հայտարարվեց, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։
Կիրանցի բնակիչները մայիսի 16-ին փակեցին Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը` դժգոհելով հայ–ադրբեջանական պայմանավորվածություններից։ Սակայն հաջորդ օրը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպումից հետո բացեցին ճանապարհը։ Ըստ գյուղացիների` մարզպետն ասել է, որ սահմանազատումն անխուսափելի է, և եթե պետք լինի, պատ կշարեն սահմանի ողջ երկայնքով, որ չտեսնեն ադրբեջանցի սահմանապահներին։