ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik․ Համաշխարհային բանկը կաջակցի ՀՀ ներքին գործերի նախարարությանը աղետների ռիսկի կառավարման, բնակչության պաշտպանության և թվայնացման ոլորտներում։ ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Համաշխարհային բանկի տարածաշրջանային տնօրեն Սամեհ Նագիբ Վահբայի գլխավորած պատվիրակությանը և քննարկել համագործակցության հարցեր։
«Վահե Ղազարյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատվել է աղետների ռիսկի կառավարման 2023-2030 թթ. ռազմավարությունը և 2023-2026 թթ գործողությունների ծրագիրը, որով սահմանված են ռազմավարության գերակա ուղղությունները։ Միաժամանակ նշվել է, որ աղետների ռիսկի կառավարման ոլորտի օրենսդրական շրջանակի բարեփոխման նպատակով լրամշակվել է «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաև մշակման փուլում է սեյսմիկ պաշտպանության ոլորտային ռազմավարական փաստաթուղթը»,- նշված է հաղորդագրության մեջ։։
Քննարկվել են նաև սեյսմիկ ռիսկի տեսանկյունից հատուկ նշանակության օբյեկտների վիճակը, շենք-շինությունների շինարարական նորմերի պահպանման և սեյսմիկ պաշտպանության ոլորտին վերաբերող հարցեր։
ՀԲ ներկայացուցիչների հետ հանդիպումը ՀՀ ներքին գործերի նախարարությունում
© Photo : official site of MIA of RA
Ընդգծվել է աղետների ռիսկի քարտեզագրման և ծառայության տեխնիկական հագեցվածության ու արդիականացման կարևորությունը։
Համաշխարհային բանկը պատրաստակամ է աջակցել մեր երկրին՝ սեյսմիկ պաշտպանության և արտակարգ իրավիճակներին արձագանքման ոլորտներին ուղղված միջոցառումների իրականացման գործընթացում։