Ցնդաբանություն է. Սամսոնյանը և Սաղաթելյանը` իրենց առնչվող գործի մասին

«Իմնեմնիմիի» հաղորդավարները շնորհակալություն հայտնեցին իրենց աջակիցներին, որոնք կալանքի ընթացքում ակցիաներ են արել կամ հայտարարություններ տարածել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի – Sputnik. «Իմնեմնիմի» հաղորդման համահեղինակներ Նարեկ Սամսոնյանն ու Վազգեն Սաղաթելյանը վստահեցնում են` ցանկացած բանական մարդու համար իրենց նկատմամբ հարուցված քրեական գործը ցնդաբանություն է։
«Դա ինքնանպատակ չի եղել, այլ քննադատություն։ Հուսամ` դատարանն էլ դա հասկանում է։ Հիմա պետք է քննեն այդ հանգամանքը, բայց մեր պնդումը շարունակում է մնալ այն, որ այդտեղ հանցակազմ չկա։ Որոշ հանգամանքներից ելնելով` մենք պետք է նորմատիվ լեքսիկոնի շրջանակներում լինենք, ինչը բարդ է լինելու` հաշվի առնելով այսօրվա երկրի իրավիճակն ու իշխանությունների ով լինելը»,– ասաց Վազգեն Սաղաթելյանը։
Հայտնել ենք, որ քիչ առաջ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արման Հովհաննիսյանը որոշում կայացրեց, համաձայն որի` Սամսոնյանն ու Սաղաթելյանն ազատ արձակվեցին։ Ներկայում նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել վարչական հսկողությունը։
Նշենք, որ դատարանի դիմաց նրանց ծափահարություններով ողջունեցին։
Սաղաթելյանն ընդգծեց, որ այսուհետև ավելի ակտիվ կլինեն մյուս քաղբանտարկյալների (նկատի ուներ Արմեն Աշոտյանին, Մամիկոն Ասլանյանին, Նարեկ Մալյանին և այլոց, – խմբ.) իրավունքների բարձրաձայնման հարցում։
Նարեկ Սամսոնյանն էլ ընդգծեց` քաղաքական բանտարկյալի կարգավիճակում լինելը շատ անազնիվ է։ Նա վստահեցրեց` 2 ամիս կալանքի տակ են եղել բացառապես 1 մարդու քաղաքական կամքի պատճառով ու անօրինական ձևով սահմանափակվել է իրենց քաղաքական խոսքը։
«Դատարանն այսօր արդարացի որոշում կայացրեց, հույս ունեմ, որ նման դատարաններ Հայաստանում էլի կլինեն։ Երբ մարդու նկատմամբ հանիրավի, կամայական ձևով ակնհայտ ապօրինի դատական ակտ է ներկայացվում, ապա նրան միակ օգնող մարմինը դատարանն է լինում»,– նշեց Սամսոնյանը։
«Իմնեմնիմիի» հաղորդավարները շնորհակալություն հայտնեցին իրենց աջակիցներին, որոնք կալանավորման ընթացքում ակցիաներ են արել կամ հայտարարություններ տարածել։
Հիշեցնենք` մարտի 22-ի առավոտյան ոստիկանության աշխատակիցներն ավտոկայանատեղիում մի քանի հոգով թիկունքից հարձակվել ու անհամաչափ բիրտ ուժի կիրառմամբ գետնին էին տապալել Նարեկ Սամսոնյանին, ապա ձերբակալել նրան։ Այնուհետև իրավապահները գնացել էին նաև Վազգեն Սաղաթելյանի տան մոտ և դատարանի որոշումը ներկայացնելուց հետո ձերբակալել նրան։
Նրանց մեղադրանք է առաջադրվել հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խմբի կազմում խուլիգանություն կատարելու համար։
Նարեկ Սամսոնյանն ու Վազգենը Սաղաթելյանն ազատությունից զրկվել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները կոշտ բառապաշարով քննարկելուց հետո։