Ադրբեջանի հետ սահմանազատման հաջորդ փուլի մասին տեղեկատվություն դեռևս չկա․ Ալեն Սիմոնյան

Իշխանությունը չի նախատեսում սահմանափակվել միայն Կիրանցի հատվածով. պետք է անցնել ամբողջ սահմանով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի - Sputnik. Թե որ հատվածում է իրականացվելու Ադրբեջանի հետ սահմանազատման հաջորդ փուլը, դեռ պարզ չէ։ Այս մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: «Ես նման տվյալներ չունեմ»,-նշեց նա։
Անդրադառնալով այս պահին Կիրանցում տեղի ունեցող գործողություններին` Ալեն Սիմոնյանը վստահեցրեց, որ արդյունքում հայկական կողմը վերցնում է այն, ինչ իրենն է ու Ադրբեջանին տալիս է այն, ինչ իրենցն է։
Հարցին՝ հնարավո՞ր է արդյոք վերանայվի Կիրանցի այն երկու տան հարցը, որը սահմանազատման արդյունքում մնալու է Ադրբեջանին, Ալեն Սիմոնյանը պատասխանեց.
«Ես կարծում եմ, որ ոչ, որովհետև իրավական առումով սխալ կլինի։ Ենթադրենք 25 տուն էլ այնտեղից մնալու է էստեղ, բա որ իրանք էլ ասեն` սենց անենք։ Դրա համար մենք գիծն ենք հստակ պայմանավորվում` էստեղ էսա, էնտեղ էնա»։
Նա հավելեց նաև, որ իշխանությունը չի նախատեսում սահմանափակվել միայն Կիրանցի հատվածով. պետք է անցնել ամբողջ սահմանով։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Հայտարարվեց, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։
Կիրանցի բնակիչները մայիսի 16-ին փակեցին Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը` դժգոհելով հայ–ադրբեջանական պայմանավորվածություններից։ Սակայն հաջորդ օրը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպումից հետո բացեցին ճանապարհը։ Ըստ գյուղացիների` մարզպետն ասել է, որ սահմանազատումն անխուսափելի է, և եթե պետք լինի, պատ կշարեն սահմանի ողջ երկայնքով, որ չտեսնեն ադրբեջանցի սահմանապահներին։