ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հրաժեշտի արարողությունն ու հուղարկավորությունը տեղի կունենան մայիսի 23-ին Մաշհադում: Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է երկրի փոխնախագահ և հուղարկավորությունը կազմակերպող հանձնաժողովի ղեկավար Մոհսեն Մանսուրին։
«Մարմինները կտեղափոխվեն սրբազան Մաշհեդ քաղաք, որտեղ տեղի կունենա հրաժեշտի արարողությունը և հուղարկավորությունը»,-հայտարարել է Մանսուրին, որի տեսաուղերձը հրապարակում են Իրանի պետական գործակալությունները:
Նա նշել է, որ արարողությունը տեղի կունենա Մաշհադում՝ Իմամ Ռեզայի դամբարանում։
Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և երկրի մի շարք այլ պաշտոնյաներ զոհվել են մայիսի 19-ին Իրանի հյուսիս-արևմուտքում՝ Արևելյան Ադրբեջան նահանգում ուղղաթիռի կործանման հետևանքով: Նոր ընտրություններից առաջ Իրանի նախագահի պարտականությունները 50 օր կկատարի Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոհբերը: