ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի — Sputnik. Անթույլատրելի է որևէ պարագայում ոստիկանության ծառայողների կողմից անհամաչափ ուժի գործադրումը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը։
«Այսօր արձանագրվել է, որ մի խումբ անձինք ֆիզիկական ուժի գործադրմամբ բերման են ենթարկվում ոստիկանության բաժին: Պաշտպան Անահիտ Մանասյանի հանձնարարությամբ ՄԻՊ ներկայացուցիչը մեկնել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժին՝ բերման ենթարկված անձանց տեսակցելու և նրանց իրավունքների ապահովման վիճակին տեղում ծանոթանալու նպատակով»,– նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ ուժի կիրառումը հնարավոր է բացառապես օրենքով սահմանված հիմքերի առկայության դեպքում, համաչափությանը վերաբերելի չափանիշների պահպանմամբ։
Բացի այդ, այսօր լրատվամիջոցների և սոցիալական հարթակների մշտադիտարկման արդյունքում ՄԻՊ գրասենյակ ստացվել է տեղեկություն, որ Տավուշի մարզի Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ի գիտություն է ընդունվել Ազգային անվտանգության ծառայության հաղորդագրությունը, որի համաձայն՝ սահմանափակումները կապված են Կիրանց գյուղի հատվածում Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ իրականացնելու հետ:
«Ոստիկանության կողմից ԱԺ պատգամավորների և ԶԼՄ ներկայացուցիչների մուտքը Կիրանց ևս արգելվել է: Միևնույն ժամանակ, ըստ հրապարակված տեղեկությունների՝ ոստիկանության ծառայողները փորձել են Հանրային հեռուստաընկերության նկարահանող խմբին տանել բնակավայր, բայց այլ լրատվականների լրագրողները տեսել են և թույլ չեն տվել։ Վերոգրյալ հանգամանքները նկատի ունենալով՝ Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան պարզաբանումներ է պահանջել Ներքին գործերի նախարարությունից»,–նշված է հաղորդագրության մեջ
Պաշտպանը կարևորել է զանգվածային լրատվության միջոցների նկատմամբ տարբերակված մոտեցումների բացառումը, ինչպես նաև ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման իրավաչափության պահպանումը:
Մարդու իրավունքների պաշտպանը ևս մեկ անգամ հորդորում է պետական իրավասու մարմիններին և հավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին ապահովել հավաքի խաղաղ ընթացքը և ոլորտում առկա իրավական չափանիշները։