Լոնդոնի դատարանը որոշում է կայացրել հօգուտ Ասանժի` նրան ԱՄՆ արտահանձնելու գործով. ԶԼՄ

Ասանժին թույլ կտան բողոքարկել իր արտահանձնումը ԱՄՆ-ին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի - Sputnik. Անգլիայի և Ուելսի բարձրագույն դատարաններից մեկը` Լոնդոնի Բարձրագույն դատարանը, լսումների արդյունքում վճիռ է կայացրել հօգուտ WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի, ինչը թույլ կտա նրան փորձել բրիտանական դատարաններում բողոքարկել իրեն ԱՄՆ-ին արտահանձնելու որոշումը: Այս մասին հայտնում է Sky News հեռուստաալիքը։
«Ջուլիան Ասանժին կթույլատրվի բողոքարկել ԱՄՆ-ին իր արտահանձնման դեմ»,-հաղորդում է հեռուստաալիքը:
Մարտին Լոնդոնի դատարանը երեք շաբաթ ժամանակ էր տվել ԱՄՆ կառավարությանը` բավարար երաշխիքներ տրամադրելու համար, որ Միացյալ Նահանգներում դատավարության ընթացքում լրագրողը կկարողանա հիմնվել ԱՄՆ Սահմանադրության առաջին փոփոխության վրա (որը պաշտպանում է խոսքի ազատությունը), որ դատավարության շրջանակներում նրա իրավունքները չեն ոտնահարվի նրա քաղաքացիության պատճառով, և որ նա մահապատժի չի դատապարտվի:
Ապրիլի կեսերին ամերիկյան կողմը տրամադրել էր պահանջվող երաշխիքները, սակայն Ասանժի կողմնակիցները մատնանշում էին դրանց ձևակերպումների «խուսափողականությունը»։
Սիմոնյանն առաջարկել է Ուիլանին, Կարա-Մուրզային և Գերշկովիչին փոխանակել Ասանժի հետ
Ջուլիան Ասանժը հայտնի է դարձել 2006 թվականին` WikiLeaks կայքի ստեղծման աշխատանքով, որը նա հիմնել էր գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար:
2010-ին կայքը հրապարակեց ամերիկացի զինվորականների գաղտնի տեսանյութը, որում կարելի էր տեսնել, որ 2007-ին Բաղդադում ամերիկյան ուղղաթիռի հարձակումից հետո առնվազն 18 խաղաղ բնակիչ է զոհվել: 2010 թվականին կայքը սկսեց հրապարակել նաև դիվանագիտական բնույթի 250 հազար ամերիկյան փաստաթուղթ։
ԱՄՆ-ում Ասանժին սպառնում է 175 տարվա ազատազրկում` երկրի պատմության ընթացքում ամենամեծ քանակով գաղտնի տեղեկատվության բացահայտման մեղադրանքով: