Կարևոր է` ազգային միջուկային անվտանգության համակարգը դիմակայի նոր սպառնալիքներին. Միրզոյան

Արարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցել է Միջուկային անվտանգության՝ «Ձևավորելով ապագան» միջազգային համաժողովին
ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է` խաղաղ միջուկային օբյեկտների անձեռնմխելիությունը և անվտանգությունը պետք է անառարկելիորեն պահպանվի նաև զինված հակամարտությունների ժամանակ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Միջուկային անվտանգության վերաբերյալ համաժողովին կարևորել է, որ Հայաստանում ազգային միջուկային անվտանգության համակարգը կարողանա դիմակայել նոր սպառնալիքներին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳ նախարարությունը։
Նշենք, որ Արարատ Միրզոյանը մայիսի 20-ին Վիեննայում մասնակցել է Միջուկային անվտանգության՝ «Ձևավորելով ապագան» միջազգային համաժողովին:
«Վերջին տասնամյակում մեր գլոբալ միջավայրը կրել է զգալի փոփոխություններ՝ արձանագրելով արագ փոխակերպումներ և աննախադեպ մարտահրավերներ: Շատ կարևոր է, որ մեր ազգային միջուկային անվտանգության համակարգը կարողանա հարմարվել և դիմակայել նոր առաջացող սպառնալիքներին: Հայկական ատոմակայանը տարիների ընթացքում իրականացրել է մի շարք ծրագրեր միջուկային անվտանգության մակարդակը բարձրացնելու համար՝ ԱԷՄԳ առաջարկություններին համապատասխան: Հայաստանը որոշել է երկարաձգել ներկայիս էներգաբլոկի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը՝ նոր հզորության սահուն անցման վերջնական նպատակով»,– ասել է ՀՀ ԱԳ նախարարը։
Արարատ Միրզոյանը Վիեննայում մասնակցել է Միջուկային անվտանգության՝ «Ձևավորելով ապագան» միջազգային համաժողովին
Նա ընդգծել է, որ Հայաստանը վերահաստատում է իր դիրքորոշումն առ այն, որ խաղաղ նպատակներով օգտագործվող միջուկային օբյեկտների վրա հարձակումը կամ հարձակման վտանգը համարվում է ՄԱԿ-ի կանոնադրության, միջազգային իրավունքի և գործակալության կանոնադրության խախտում: Հայաստանի դիրքորոշումն այս պարագայում սկզբունքային է, բայց նաև բխում է անցյալի փորձից՝ հաշվի առնելով ՀՀ ատոմակայանի դեմ անթաքույց սպառնալիքները:
Միրզոյանը շեշտել է` խաղաղ միջուկային օբյեկտների անձեռնմխելիությունը և անվտանգությունը պետք է անառարկելիորեն պահպանվի նաև զինված հակամարտությունների ժամանակ:
Ելույթի ժամանակ նա նաև իր խորին ցավակցությունն է հայտնել Իրանի կառավարությանը, գործընկերներին և ժողովրդին` ուղղաթիռի ողբերգական վթարի կապակցությամբ։