Իրանի նախագահի և մյուս մահացածների մարմինները տեղափոխվել են Թավրիզ

Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը հայտարարել է, որ ուղղաթիռի կործանման վայրում որոնողական աշխատանքները դադարեցվել են։
Sputnik
Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվածների մարմինները տեղափոխվել են Թավրիզ։ Տեղեկությունը հայտնում է իրանական Կարմիր մահիկի ընկերությունը:
Կազմակերպությունը հայտարարել է, որ աղետի վայրում որոնողական աշխատանքները դադարեցվել են։
Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ–է–Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին ու անձնակազմի 3 անդամները։
Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փրկարարների թիմերը մեկնել էին արտակարգ պատահարի վայր և որոնումներ իրականացրել ամբողջ գիշեր, նրանց աշխատանքը բարդացել էր մթության և տեղատարափի պատճառով:
Մայիսի 20-ի առավոտյան հայտնի դարձավ, որ հայտնաբերվել են ուղղաթիռի այրված բեկորները, իսկ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։