ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. ԵԱՏՄ երկրներում կարմրուկի համաճարակ չի սպասվում` չնայած միության երկրներում հաճախակի դարձած դեպքերին։ Նման տեսակետ հայտնեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս, Ռուսաստանի կրթության ակադեմիայի նախագահի տեղակալ Գենադի Օնիշչենկոն «ԵԱՏՄ երկրների կենսանվտանգությունը» թեմայով Մոսկվա-Աստանա-Բիշքեկ-Երևան-Մինսկ-Տաշքենդ տեսակամրջի ժամանակ (Sputnik Արմենիա մամուլի կենտրոնի միացմամբ)։
«Հայաստանում կարմրուկի բռնկումները սպորադիկ բնույթ են կրում։ Կարմրուկը հաստատ չի վերադառնա այն ծավալներին, որոնք եղել են 20-րդ դարի կեսերին։ 1967 թվականին մենք բոլորս սկսեցինք կարմրուկի վերացման ծրագիրը։ Դա մանկական հիվանդություն էր։ ԽՍՀՄ-ում տարեկան ծնվում էր 2,4 միլիոն երեխա, և մեկ-երկու տարի անց նրանք բոլորը հիվանդացած ու բուժված էին լինում: Եվ երբ սկսեցինք պատվաստել, հասանք էլիմինիցիայի մեկ միլիոն ցուցանիշի», - ընդգծեց ակադեմիկոսը։
Միաժամանակ նա նշեց` հետագայում պարզվեց, որ ի տարբերություն այն դեպքերի, երբ մարդը բնական ճանապարհով է հիվանդանում, կարմրուկի դեմ պատվաստումային իմունիտետը ցմահ չէ: Ելքը կարող էր լինել ժամանակին կրկնակի պատվաստումը, բայց ԵԱՏՄ երկրներին «վնասեց» ԽՍՀՄ–ի փլուզումը։
«Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, մենք Ռուսաստանում շարունակում էինք պատվաստել, Բելառուսը շարունակում էր ստանալ ռուսական պատվաստանյութը, որն արտադրվում է Մոսկվայում։ Իսկ մյուսները, ԱՀԿ-ի խորհրդով, հրաժարվեցին։ Էմիսարները գնում էին, ասում էին՝ «Լուի Պաստեր» վերցրեք, և, իրոք, 2 տարի անվճար տալիս էին պատվաստանյութը։ Բայց հետո նրանք ասացին՝ վճարեք։ Եվ ոչ բոլոր հետխորհրդային երկրները կարողացան դա անել», - ասաց Օնիշչենկոն։
Նա կարծում է, որ ԵԱՏՄ-ում պետք է վերապատվաստում իրականացնել, բայց ոչ թե անխտիր բոլորին, այլ սկզբունքորեն նոր հիմքի վրա։ Այն է՝ պարտադիր պատվաստում մտցնել աշխատանքային միգրանտների համար, իսկ տեղի բնակչության համար այդ գործընթացն անհատականացնել՝ վերապատվաստել իմունային մարմինների առկայությունը (կամ բացակայությունը) ստուգելուց հետո։
Հիշեցնենք` ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբանության բաժնի պետ Սվետլանա Գրիգորյանը մայիսի սկզբին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ Հայաստանում նկատվում է սուր շնչառական վարակների ակտիվության նվազում, սակայն կարմրուկի համաճարակաբանական իրավիճակը մնում է անբարենպաստ։