Գարեգին Երկրորդը ցավակցական նամակ է հղել Իրանի հոգևոր առաջնորդին

Գարեգին Երկրորդ
Ամենայն հայոց կաթողիկոսը հայցել է, որ Բարձրյալը զորավիգ լինի Իրանի Իսլամական Հանրապետությանը հաղթահարելու դժվարին փորձությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ամենայն հայոց կաթողիկոսը Գարեգին Երկրորդը Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և ուղեկցող պաշտոնատար անձանց ողբերգական մահվան կապակցությամբ ցավակցական նամակ է հղել Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Սեյեդ Ալի Հոսեյնի Խամենեիին։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։
«Կաթողիկոսը Գերագույն հոգևոր խորհրդի և Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի միաբանության վշտակցություն է հայտնել զոհերի սգակիր ընտանիքներին և Իրանի ժողովրդին` հայցելով, որ Բարձրյալը զորավիգ լինի Իրանի Իսլամական Հանրապետությանը հաղթահարելու դժվարին փորձությունը»,– ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին երկրի հյուսիս-արևմուտքում՝ Վերզեգանի շրջանում: Բարձրաստիճան պաշտոնյաները վերադառնում էին Արաքս գետի վրա հիդրոհանգույցների բացման արարողությունից, որին մասնակցում էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Փրկարարների թիմերը մեկնել էին արտակարգ պատահարի վայր և որոնումներ իրականացրել ամբողջ գիշեր, նրանց աշխատանքը բարդացել էր մթության և տեղատարափի պատճառով:
Մայիսի 20-ի առավոտյան հայտնի դարձավ, որ հայտնաբերվել են ուղղաթիռի այրված բեկորները, իսկ ինքնաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։
Ուղղաթիռի կործանման հետևանքով մահացել են Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալիք Ռահմաթին, Թավրիզում ուրբաթօրյա աղոթքի ղեկավար այաթոլլա Մոհամմադ Ալի ալ–է–Հաշեմը, ԻՀՊԿ ներկայացուցիչ Սեյեդ Մեհդի Մուսավին ու անձնակազմի 3 անդամները։
Իրանի նախագահի լիազորությունները 2 ամսով փոխանցվել են առաջին տեղակալ Մոհամմադ Մոհբերին։