ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Ոստիկանները թույլ չեն տալիս, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ սրբազանը գնա Տավուշի մարզի Կիրանց բնակավայր։ Այս պահին նա կանգնած է գյուղ տանող ճանապարհին ու բանակցում է մարզի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի հետ։
Բագրատ սրբազան
© Sputnik
«Ես գյուղի բնակիչ եմ, ես թեմի առաջնորդն եմ, ես հանգիստ գնալու եմ գյուղ, մարդկանց տեսնեմ, վերադառնամ»,– ասաց սրբազանը։
Արթուր Մկրտչյանն ի պատասխան հիշեցրեց ԱԱԾ–ի հայտարարությունը և հավելեց, որ բացի գյուղի բնակիչներից, ոչ ոք չի կարող մուտք գործել Կիրանց։
«Դուք գյուղի բնակիչ չեք, չի թույլատրվում, անգամ պատգամավորները չեն անցել, չի կարելի, սրբազան»,– ասաց նա։
Թեմի առաջնորդն էլ հայտարարեց, որ մնալու է այնքան, մինչև իրեն ներս թողնեն։
«Բավարար չէ, որ հակասահմանադրական հանցագործություն են կատարում, հիմա էլ մեր շարժն են արգելում»,– ասաց սրբազանը լրագրողներին։
Բագրատ արքեպիսկոպոսը կոչով դիմեց ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, որպեսզի հրահանգի ոստիկաններին, և ճանապարհը բացեն իր առջև։
Հիշեցնենք` «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Ագնեսա Խամոյանը մայիսի 19-ին Sputnik Արմենիային հայտնել էր, որ 6 պատգամավոր Տավուշի մարզ է գնացել գյուղացիներին աջակցելու համար, սակայն նրանց չեն թողել հասնել գյուղ։ Ավելի ուշ ԱԱԾ–ն հայտարարեց, որ սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են ՀՀ պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ, և ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից` Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է։