ԵՐԵՎԱՆ, 20 մայիսի – Sputnik. Արցախից բռնի տեղահանված շուրջ 25 000 ընտանիք կարող է Հայաստանի ավելի քան 400 բնակավայրում, այդ թվում` Երևանում, տուն ձեռք բերել կամ կառուցել և պետությունից 2-5 մլն դրամ աջակցություն ստանալ` կախված շահառուների կողմից նախընտրելի տարածքից։ Ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կառուցվածքային ստորաբաժանումների առանձին գործառույթներ համակարգող խորհրդական Գայանե Ղարագյոզյանը։
Նշենք, որ կառավարության որոշման համաձայն` Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմից, ինչպես նաև 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո ԼՂ–ից բռնի տեղահանված ընտանիքները կկարողանան օգտվել բնակարանային հասանելիության ապահովման պետական աջակցությունից։ Ծրագիրն իրականացվելու է 3 ուղղությունով։ Առաջինը բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան հավաստագրի ձեռքբերումն է, երկրորդը` անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրումը, իսկ երրորդը` գործող հիփոթեքային վարկի մարման աջակցությունը։ Ընդհանուր առմամբ խոսքը շուրջ 25 000 ընտանիքի համար բնակարանային հասանելիության ապահովման մասին է։
«Ֆինանսական չափը բաղադրիչից կախված չի փոխվելու։ Գումարը ֆիքսված է, աջակցության չափը պայմանավորված է շահառուների կողմից նախընտրելի բնակավայրերով։ Կառավարության որոշմամբ 2 հավելված է հաստատվել, որից առաջինում 242 բնակավայր կա, այդ թվում` քաղաքային։ Դրանցից ցանկացածում տուն ձեռք բերելու կամ կառուցելու պարագայում աջակցության չափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով կազմելու է 5 մլն դրամ։ Մյուս հավելվածի համաձայն` 148 բնակավայր կա, այդ թվում` քաղաքային, այս պարագայում աջակցության չափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով կազմելու է 4 մլն դրամ։ Մնացած բնակավայրերում, այդ թվում` Երևանում (բացառությամբ 1-ին և 2-րդ գոտիների), աջակցության չափն ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով կազմելու է 3 մլն դրամ»,– նշեց Ղարագյոզյանը։
Նա նշեց` եթե ընտանիքը նախընտրում է անհատական բնակելի տների կառուցման բաղադրիչը, ապա իրենց աջակցությունից առավելագույնը 3 մլն դրամ կարող են ուղղել հենց այդ հողատարածքի ձեռքբերմանը։ Այստեղ սահմանափակում կա` հողի նվազագույն մակերեսը պետք է կազմի ոչ պակաս, քան 400 քմ։ Ղարագյոզյանը նաև հայտնեց, որ այն դեպքում, երբ աջակցության չափի և տան ձեռքբերման արդյունքում դրական մնացորդ ձևավորվի, ապա շահառուն այդ տարբերությունը ևս կարող է իրացնել մի քանի ուղղությամբ։ Առաջին տարբերակը գյուղատնտեսական նշանակության հողամասի ձեռքբերումն է, երկրորդը` ձեռք բերված գույքի վերանորոգումը, երրորդը` կահույքի կամ կենցաղային տեխնիկայի ձեռքբերումը։
Խոսելով գործող հիփոթեքի մարման աջակցության մասին` մասնագետը նշեց, որ այդ դեպքում ընտանիքի յուրաքանչյուր անդամի հաշվով աջակցությունը կազմելու է 2 մլն դրամ։ Այս պարագայում նույնպես չեն դիտարկվում Երևանի 1-ին և 2-րդ գոտիները։
Ծրագիրն իրականացվելու է 3 փուլով։ Առաջինը սկսվելու է հունիս-հուլիս ամիսներին` ծրագրի իրականացման կարգը հաստատելուց հետո, և այս փուլում ընդգրկվելու են առնվազն 3 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե խոսքը գնելու մասին է, առնվազն 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները, եթե խոսքը կառուցապատման մասին է։ Այս փուլում կընդգրկվեն նաև այն ընտանիքները, որոնցում կա զոհված անձ, կերակրողին են կորցրածել կամ հաշմանդամության 1-ին և 2-րդ խումբ ունեցող անդամներ։ Շահառու կդառնան նաև այն ընտանիքները, որոնց գործընկեր ֆինանսական կազմակերպությունները վարկունակ կճանաչեն և առնվազն 50 տոկոսի չափով լրացուցիչ վարկ կտրամադրեն։
Երկրորդ փուլը նախատեսվում է սկսել 2026 թվականի հունվարի 1-ից։ Ձեռք բերելու դեպքում առնվազն 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները կդառնան շահառու, իսկ կառուցապատելու դեպքում` առնվազն 1 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները։
Երրորդ փուլն էլ մեկնարկելու է 2027 թվականի հունվարի 1-ից։ Ծրագրում կընդգրկվեն առնվազն 1 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները և նրանք, ովքեր չեն ներառվել նախորդ փուլերում։
Հիշեցնենք, որ մինչ այս ԼՂ–ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման նպատակով իրականացվել է ՀՀ կառավարության 2022 թ. որոշմամբ հաստատված «Բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը», որը հնարավորություն է տալիս 2020 թ. սեպտեմբերի 27-ի պատերազմի հետևանքով տեղահանված 4308 ընտանիքի (15 338 անձ) ձեռք բերել բնակելի անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն ՀՀ–ում։