Պատգամավորներից մի քանիսը այլընտրանքային ճանապարհով հասել են Կիրանց

Ագնեսա Խամոյանը կարծում է, որ իշխանությունը փորձում է հոգեբանական ճնշում գործադրել գյուղացիների վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը հասել է Կիրանց։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում` ուղիղ եթերի ժամանակ։
Նա ցույց է տվել այն ճանապահը, որը սահմանազատումից հետո հայտնվելու է Ադրբեջանի տիրապետության տակ։

«6-7 պատգամավորներով եկել ենք այստեղ, մի մասը դեռևս գտնվում է ոստիկանական բլոկադայի մեջ Կիրանց բերող ճանապարհի վրա։ Մենք մի քանի պատգամավորով կարողացանք շրջանցելով՝ հասնել այստեղ»,-ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ կիրանցեցիները նույնպես փաստացի բլոկադայի մեջ են այս օրերին, ու իշխանությունը փորձում է հոգեբանական ճնշում գործադրել նրանց վրա։
Ագնեսա Խամոյանը նշեց, որ իրենք (նկատի ունի պատգամավորներնը – խմբ.) ամենօրյա ռեժիմով պետք լինեն կիրանցեցիների կողքին, ինչպես նաև քաղաքական բոլոր գործիքները ներդնեն պրոցեսը կանգնեցնելու համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ոստիկանները փակել են ճանապարհը ՀՀ ԱԺ պատգամավորների համար ու թույլ չեն տալիս մտնել Կիրանց գյուղ։
Հիշեցնենք` ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։
Կիրանցի բնակիչները մայիսի 16-ին փակեցին Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը` դժգոհելով հայ–ադրբեջանական պայմանավորվածություններից։ Սակայն հաջորդ օրը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպումից հետո բացեցին ճանապարհը։ Ըստ գյուղացիների` մարզպետն ասել է, որ սահմանազատումն անխուսափելի է, և եթե պետք լինի, պատ կշարեն սահմանի ողջ երկայնքով, որ չտեսնեն ադրբեջանցի սահմանապահներին։