ԱԱԾ-ն պարզաբանել է՝ ինչու, ՆԳՆ-ն պարզաբանել է՝ ինչ օրենքով չեն թույլատրում Կիրանց հասնել

Օրենքով նախատեսված է տրանսպորտային միջոցների և հետիոտների տեղաշարժի ժամանակավոր սահմանափակում կամ արգելք:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի - Sputnik. Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության Սահմանապահ զորքերը Տավուշի մարզի Կիրանց գյուղի հատվածում իրականացնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի պահպանությունը ստանձնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներ:
Այս մասին նշված է ԱԱԾ հայտարարության մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ մի խումբ պատգամավորների իրավապահները չեն թույլատրել շարունակել ճանապարհը դեպի Կիրանց։
«Ելնելով անվտանգային և օպերատիվ անհրաժեշտությունից Կիրանց բնակավայրում հաշվառում չունեցող քաղաքացիների մուտքը բնակավայր ժամանակավորապես սահմանափակվել է»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հայաստանի ներքին գործերի նախարարությունն ը մեկնաբանել է՝ ինչու պատգամավորներին չեն թույլատրել Կիրանց գյուղ մտնել: Sputnik Արմենիային գերատեսչությունից պարզաբանել են, որ երթևեկությունը սահմանափակված է ոստիկանության մասին օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ կետի հիման վրա։
Ավելի վաղ «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Ագնեսա Խամոյանը Sputnik Արմենիային հայտնել էր, որ 6 պատգամավոր Տավուշի մարզ է ժամանել գյուղացիներին աջակցելու համար, սակայն նրանց չեն թողել հասնել գյուղ։
Օրենքով նախատեսված է տրանսպորտային միջոցների և հետիոտների տեղաշարժի ժամանակավոր սահմանափակում կամ արգելք: Սահմանափակվում է նաև նրանց գտնվելը որոշակի վայրերում կամ օբյեկտներում, փողոցներում և ճանապարհներին՝ նրանց կյանքի, առողջության կամ գույքի պաշտպանությունն ապահովելու կամ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու համար:
Մշակույթի գործիչներին նույնպես թույլ չեն տալիս մտնել Կիրանց
Հիշեցնենք` ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։
Կիրանցի բնակիչները մայիսի 16-ին փակեցին Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը` դժգոհելով հայ–ադրբեջանական պայմանավորվածություններից։ Սակայն հաջորդ օրը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպումից հետո բացեցին ճանապարհը։ Ըստ գյուղացիների` մարզպետն ասել է, որ սահմանազատումն անխուսափելի է, և եթե պետք լինի, պատ կշարեն սահմանի ողջ երկայնքով, որ չտեսնեն ադրբեջանցի սահմանապահներին։