Գավառի դեպքը 2023 թ-ի օգոստոսին
Օգոստոսի 18-ին համացանցում տարածվեց շոկային տեսանյութ, որտեղ 34-ամյա Աննա Արևշատյանը տեսախցիկի առջև հարվածներ է հասցնում դստերը, ապա մերկացնում նրան: Գործի նյութերի համաձայն՝ Գավառում բնակվող կինը ծեծի է ենթարկել իր երեխային, ստիպել կատարել սեռական բնույթի գործողություններ, ինչպես նաև ստիպել է իր մյուս երեխաներին պոռնոգրաֆիկ տեսանյութեր նկարահանել:
Մեր հարցմանը Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունից պատասխանել են, որ Արևշատյանի 4 երեխաները գտնվում են Երևանի երեխաների պաշտպանության կենտրոնում: Ամենափոքրը, տարիքով պայմանավորված, տեղափոխվել է Երևանի «Մանկան տուն». այս կազմակերպությունը նախատեսված է մինչև 6 տարեկան երեխաների համար:
Խաշթառակի դեպքը 2020 թ-ի օգոստոսին
Օգոստոսի 18-ին Հակոբջանյանների ընտանիքի երկու երեխաները ծանր ծեծի ենթարկվելու հետևանքով տեղափոխվել են Երևանի բժշկական կենտրոն: Նրանցից մեկը՝ 6-ամյա Սերգեյը, հետագայում մահացել է։ Ծեծելու կասկածանքով ձերբակալվել է նրանց պապը ՝ 57-ամյա Սամվել Հակոբջանյանը։ Մեղադրանք է առաջադրվել նաև նրա դստերը՝ մահացած տղայի մորաքրոջը և ծեծված երկրորդ երեխայի մորը՝ 28-ամյա Մարիաննային: Օգոստոսի 20-ին ընտանիքի մնացած անդամները թունավորվել էին մկնդեղից. 5 երեխա հոսպիտալացվել էր:
«Հակոբջանյանների ընտանիքի բոլոր երեխաները, բացի մեկից, այժմ գտնվում են Իջևանի SOS մանկական գյուղում։ Երեխաներից մեկը գտնվում է «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն» ՊՈԱԿ-ում՝ առողջական խնդիրների հետ կապված», - պատասխանել են Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարարությունից:
Գյումրու դեպքը 2020 թ-ի մարտին
Մարտի 5-ին Գյումրու տներից մեկում հայտնաբերվել է ծեծված աղջիկ՝ 13-ամյա Նազելի Խաչատրյանը: Այնտեղ հայտնաբերվել է նաև նրա մոր՝ 43-ամյա Մարիամ Խաչատրյանի դին՝ բռնության հետքերով։ Նշված հանցագործությունները կատարելու կասկածանքով ձերբակալվել է 28-ամյա տղամարդ՝ Խաչատրյանի ընկերը:
Մոր մահից հետո աղջիկը որբ էր մնացել։
«Շիրակի մարզպետի աշխատակազմից ստացված տվյալների համաձայն՝ ի սկզբանե խնամակալ է ճանաչվել երեխայի հորաքույրը, այնուհետև՝ նրա չափահաս դարձած եղբայրը», - հայտնեցին աշխատանքի նախարարությունից:
Հիշեցնենք, որ աղջկան նախ տեղափոխել էին Գյումրու հիվանդանոցներից մեկը, իսկ հետո տեղափոխել Երևան: Նա հինգ օր անգիտակից վիճակում գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում. հիվանդանոց էր ընդունվել գլխուղեղի, կրծքավանդակի և որովայնի բազմաթիվ վնասվածքներով, ինչպես նաև անրակի կոտրվածքով։ Եռամսյա բուժումից հետո նա դուրս է գրվել։