ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի — Sputnik. Բաքուն ողջունում է Թեհրանի աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման հարցում: Ինչպես հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները, այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իրանցի գործընկեր Էբրահիմ Ռայիսիի հետ հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով՝ ներկայում ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների որոշման գործընթացը, և կան առաջին դրական արդյունքները:
«Դա հույս է տալիս, որ վերջապես, երկարատև դադարից հետո, Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է ստորագրվել խաղաղության համաձայնագիր։ Մենք ողջունում ենք Իրանի աջակցությունն այս հարցում», - ասել է նա։
Նշենք, որ կիրակի առավոտյան Իրանի և Ադրբեջանի ղեկավարները երկու հիդրոհանգույց են բացել՝ Արաքս գետի ջրային և էներգապաշարների համատեղ օգտագործման համար: