Ժաննա Անդրեասյանն ու Թուրքիայի մշակույթի նախարարը քննարկել են Աննի կամրջի հարցը

Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը  հանդիպել են Աշխաբադում
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը հանդիպել են Աշխաբադում
Նախարարները հայ–թուրքական հարաբերությունների լիարժեք կարգավորման համատեքստում կարևորել են մշակութային համագործակցության դերը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեդ Նուրի Էրսոյը քննարկել են միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիի մոտակայքում գտնվող պատմական կամրջի վերականգնման հարցը։ Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։

«Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման համատեքստում, ի թիվս այլ հարցերի, նախարարներն ընդգծել են մշակութային համագործակցության նպաստը։ Նրանք նաև մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ»,– ասված է հաղորդագրությունում։

Նշվում է, որ նախարարների հանդիպումը տեղի է ունեցել մայիսի 17-ին Թուրքմենստանի մայրաքաղաք Աշխաբադում մշակույթի նախարարների միջազգային համաժողովի շրջանակում:
Հիշեցնենք, որ Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը 2023 թվականի փետրվարի 15-ին Անկարայում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Հայաստանն ու Թուրքիան կվերանորոգեն Անիի սահմանային կամուրջը:
2024 թվականի փետրվարին ՀՀ ԱԳՆ–ն Sputnik Արմենիային հայտնեց, որ Թուրքիան Հայաստանին է փոխանցել Անիի պատմական կամրջի վերականգնման իր պատկերացումները։
Ապրիլին նույն գերատեսչությունը մեզ տեղեկացրեց, որ Հայաստանը շուտով Թուրքիային կփոխանցի Անիի կամրջի վերականգնման շուրջ իր մոտեցումները:
Անիի կամրջի բացառիկ կադրերը` այստեղ: