Տեղեկություններ կան, որ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու. Բագրատ սրբազան

Կիրանց
Բագրատ սրբազանը նշեց, որ դեռ չի հասցրել ստուգել տեղեկությունը և չի կարող երաշխավորել դրա հավաստիությունը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. Տեղեկություններ կան, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կիրանց է գնացել` գյուղացիներին համոզելու։ Քաղաքական տարբեր ուժերի հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» առաջնորդ Բագրատ սրբազանը։
Նշենք, որ հայ–ադրբեջանական վերջին պայմանավորվածությունների հետևանքով Կիրանցի որոշ տներ և հողամասեր անցնելու են ադրբեջանական վերահսկողության տակ։ Կառավարությունը խոստացել է փոխհատուցել գյուղացիներին, սակայն նրանք չեն համաձայնում։
«Իմ տեղեկություններով՝ Կիրանց է գնացել ոչ միայն տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, այլ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Ես չեմ կարող պնդել, որ դա ճիշտ է, և չեմ ուզում պատասխանատվություն վերցնել։ Ըստ որոշ տեղեկությունների՝ նրանք փորձում են գյուղացիներին համոզել, որ վերջիններս վերցնեն փոխհատուցումը։ Դա ներքին տեղեկատվություն է, բայց դրա 100–տոկոսանոց հավաստիությունը հաստատելու պատասխանատվություն չեմ վերցնում»,- ասաց նա։
Հիշեցնենք` ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։
Կիրանցի բնակիչները մայիսի 16-ին փակեցին Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը` դժգոհելով հայ–ադրբեջանական պայմանավորվածություններից։ Սակայն հաջորդ օրը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպումից հետո բացեցին ճանապարհը։ Ըստ գյուղացիների` մարզպետն ասել է, որ սահմանազատումն անխուսափելի է, և եթե պետք լինի, պատ կշարեն սահմանի ողջ երկայնքով, որ չտեսնեն ադրբեջանցի սահմանապահներին։