Սահմանապահները նախնական տեղազննում են իրականացնում Տավուշի մարզի Կիրանց բնակավայրի հատվածում։ Ինչպես հայտնում է Sputnik Արմենիայի թղթակիցը, այնտեղ է նաև ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի առաջին տեղակալ Էդգար Հունանյանը։
Հիմնական տեղակայման հստակ ժամկետը դեռ հայտնի չէ, բայց սահմանապահներն այսօրվանից ներկա են լինելու Կիրանցի հատվածում։
Նրանք փորձարկում են ծառայության համար նախատեսված դրոնը։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Հայտարարվեց, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Վերջին տվյալներով` հայ–ադրբեջանական սահմանին 40 սահմանային սյուն է տեղադրվել։
ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու։