ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. «Տավուշ հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մեկնաբանեց Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հայտարարությունը, թե ինչու է հենց ներկայիս ձևով սահմանազատում իրականացվում։ Այս մասին սրբազանը խոսեց շոու-բիզնեսի ներկայացուցիչների, ինչպես նաև մշակութային գործիչների հետ հանդիպմանը։
Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը Կիրանցում հայտարարել է, թե իրենց մեղքով է, որ Ալիևն ավելի շատ տարածքներ է ցանկանում։ Նա ասել է․ «Դուք ցույց եք արել, Բաքուն տեսավ դուք ստեղ ակտիվ եք, դրա համար Ալիևը քարտեզը տհե գծեց»։
«Կիրանցի ժողովուրդը 2-3 օր է` կրկին տառապանքի մեջ է, որովհետև ստախոսություն ու խաբեբայություն է այս ամբողջ գործընթացը։ Այդ ամենը հակաօրինական, հակասահմանադրական, ապազգային, անմարդկային է և՛ օրենքի, և՛ բարոյականության դաշտում։ Հայկ Ղալումյանն էլ ասել է՝ եթե ժողովուրդը չպայքարեր իր իրավունքների համար, ապա քարտեզն այդպես չէր լինի։ Դա պետական գործիչն ասել է այն ժողովրդին, որը հերոսաբար, կրակի տակ պահել է իր հողը, առանջագիծը, պետական սահմանը՝ այգիները, դպրոցները, մշակույթի օջախները, գերեզմանները։ Մարզպետի խոսքերն արտացոլում են պետության որակը»,- նշեց սրբազանը։
Նա մշակութային գործիչներին խնդրեց «Տավուշը հանուն հայրենիքի» մեկ այլ առաջնորդի՝ Սուրեն Պետրոսյանի հետ վաղը՝ մայիսի 19-ին, մի քանի մեքենայով գնալ Կիրանց՝ քաջալերելու բնակիչներին։
Հանդիպմանը ներկա են դիզայներ Արամ Նիկոլյանը, երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը (նրա որդին զոհվել է 44-օրյա պատերազմում. խմբ․), դերասանուհի Մարջան Ավետիսյանը, ռեժիսոր Արամ Շահբազյանը, գրող Վիոլետ Գրիգորյանը, երգչուհի Ալլա Լևոնյանը, երգիչներ Արամոն, Արսեն Գրիգորյանը և այլք։
Հիշեցնենք` ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։
Կիրանցի բնակիչները մայիսի 16-ին փակեցին Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը` դժգոհելով հայ–ադրբեջանական պայմանավորվածություններից։ Սակայն հաջորդ օրը Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպումից հետո բացեցին ճանապարհը։ Ըստ գյուղացիների` մարզպետն ասել է, որ սահմանազատումն անխուսափելի է, և եթե պետք լինի, պատ կշարեն սահմանի ողջ երկայնքով, որ չտեսնեն ադրբեջանցի սահմանապահներին։