ԵՐԵՎԱՆ, 18 մայիսի – Sputnik. «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարում հաղթել է Սյունիքի մարզի թիմը, երկրորդ հորիզոնականում Շիրակի թիմն է, երրորդում` Վայոց Ձորինը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Մրցաշարին մասնակցել է 11 թիմ, յուրաքանչյուրի կազմում` 7 աշակերտ (5 տղա, 2 աղջիկ), որոնք հաղթահարել են 5000 մետր մրցատարածությունը:
Առաջին տեղ զբաղեցրած դպրոցը (Կապան քաղաքի Հունան Ավետիսյանի անվան թիվ 9 ավագ դպրոց) ստացել է 4 մլն դրամ, երկրորդ տեղը (Առափի գյուղի հանրակրթական դպրոց)` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը (Արենի գյուղի հանրակրթական դպրոց)` 1 մլն 500 հազար դրամ: Առաջին տեղը գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը ստացել է 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտից յուրաքանչյուրը` 150 հազարական դրամ, երկրորդ և երրորդ տեղերը՝ համապատասխանաբար 500 հազար դրամ ուսուցիչը, 100 հազարական դրամ՝ աշակերտները, 300 հազար դրամ՝ ուսուցիչը և 75 հազարական դրամ՝ աշակերտները:
Փաշինյանը Տավուշի մարզում՝ Դիլիջանի Պարզ լճի տարածքում, ներկա է գտնվել մրցաշարի եզրափակիչ փուլին և նշել, որ կարևորում է այս մրցաշարերը, քանի որ դրանք այլ դիտանկյունից նայելու հնարավորություն են տալիս:
«Մեր իրականության մեջ շատ է ասվում, որ մենք թիմային մարդիկ չենք, թիմային տրամաբանություն չունենք, և նաև այս մրցաշարերն արվում են դա հերքելու համար, որովհետև մենք այստեղ տեսնում ենք հրաշալի թիմեր, հրաշալի համախմբվածություն և հրաշալի աշխատանք»,-ասել է վարչապետը:
Փաշինյանը ուսուցիչներին շնորհակալություն է հայտնել իրենց կատարած աշխատանքի համար և ընդգծել, որ այս մրցաշարերը նաև հարգանքի տուրք են ուսուցիչների կատարած աշխատանքին:
Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարի եզրափակիչ փուլին