Այս գիշեր Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում տեղի բնակիչների մասնակցությամբ ակցիաներ են տեղի ունեցել այն շրջաններում, որտեղ մեծ թվով օտարերկրացիներ են ապրում։ Բողոքի ցույցերի առիթ է հանդիսացել մայիսի 13-ին տեղի ունեցած դեպքը. այդ օրը Բիշքեկի հոսթելներից մեկում բախում էր տեղի ունեցել օտարերկրացիների և Ղրղզստանի քաղաքացիների միջև։
Մայիսի 17-ի երեկոյան հարյուրավոր երիտասարդներ հավաքվել են այդ հոսթելի մոտ և պահանջել են ծեծկռտուքի համար պատժել օտարերկրացիներին։ Նրանք նաև մտահոգություն են հայտնել մայրաքաղաքում միգրանտների թվի ավելացման կապակցությամբ: Քաղաքային ոստիկանության ամբողջ անձնակազմի համար տագնապ է հայտարարվել։ Ակցիան վերածվել է անկարգությունների։
Ղրղզստանի առողջապահության նախարարության տվյալներով՝ գիշերային իրադարձությունների ընթացքում բուժօգնության է դիմել 29 մարդ, 15 քաղաքացի տեղափոխվել է շտապօգնության քաղաքային հիվանդանոց և ազգային հոսպիտալ, մյուսներին օգնություն է ցուցաբերվել տեղում: Այս պահին հիվանդանոցում է գտնվում երկու բուժառու, որոնց մոտ ախտորոշվել է գանգուղեղային փակ վնասվածք, գլխուղեղի ցնցում: Հիվանդների վիճակը գնահատվում է համեմատաբար բավարար:
Կառավարության տվյալներով՝ իրավապահ մարմինները տեղի ունեցած իրավախախտումների բոլոր հանգամանքները պարզելու համար հետաքննություն են անցկացնում: Իշխանությունը վստահեցրել է, որ բոլոր մեղավորները կպարզվեն և պատասխանատվության կենթարկվեն օրենքին համապատասխան:
«Մեր իրավապահ ուժերը վճռականորեն կասեցնելու են հասարակական կարգը խախտելու ցանկացած փորձ»,-նշել են կառավարությունում:
Այսօր առավոտյան ՆԳՆ-ն հայտնել է, որ մայրաքաղաքում իրավիճակը կարգավորվել է: