Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի առաջին պաշտոնական այցը Թուրքիա դուրս է բարեկամական երկրի ղեկավարի ռազմավարական գործընկեր պետություն դասական այցի շրջանակից: Այն տեղի է ունեցել եվրոպացի որոշ պաշտոնյաների՝ Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի արտգործնախարարների արձագանքի հետ բողոքի և քաղաքական դեմարշի ֆոնին․ նրանք Թբիլիսիում պաշտպանել են «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի հակառակորդներին:
Թբիլիսին ու Անկարան վաղուց պետք է համապատասխանեցնեին ժամացույցները, իսկ երկրների ղեկավարները «ռեստարտ» անեին անձնական կապերը։ Չնայած բազմամյա ռազմավարական գործընկերությանը, Վրաստանի վարչապետը վերջին անգամ Թուրքիա է այցելել 2021 թվականին՝ չհաշված 2023 թվականին Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում երկու երկրների ղեկավարների կարճատև շփումները։
Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վախթանգ Մայիսայան Sputnik Արմենիային տված հարցազրույցում պարզաբանեց, որ դրանով Վրաստանի վարչապետը փորձել է համապատասխան միջազգային ֆոն ստեղծել, ընդգծել, որ հարևան պետությունները պաշտպանում են կառավարության կուրսը։
Դրա մասին է վկայում նաև այն, որ Կոբախիձեն Անկարա է ժամանել բավականին ներկայացուցչական պատվիրակությամբ, որի կազմում ընդգրկվել են Վրաստանի հինգ առանցքային գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Սակայն Թբիլիսին և Անկարան ստորագրել են միայն մեկ փաստաթուղթ՝ էներգետիկայի ոլորտում համագործակցության հուշագիր։
Վրաստանում բավականին կոշտ են արձագանքել եվրոպական մի շարք երկրների պաշտոնյաների քաղաքական դիրքորոշմանը՝ Լատվիայի, Լիտվայի, Էստոնիայի և Իսլանդիայի արտգործնախարարների կողմից վրացական ընդդիմությանը բացահայտ աջակցությունն անվանելով «միջամտություն երկրի ներքին գործերին»։ Բավական ծանր էին Վրաստանի իշխանության բանակցությունները ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՝Բրայենի հետ։
Օ՝Բրայենը վերահսկում է «սև ցուցակները» և պատժամիջոցների քաղաքականությունը։ Նա Սպիտակ տան կողմից պատվիրակվել է Թբիլիսի՝ բացարձակ լիազորություններով:
«Շատ ծանր բանակցություններ են եղել, կողմերը համաձայնության չեն եկել։ Իշխանությունը պետք է ինչ-որ կերպ փոխհատուցեր այդ բացասական ֆոնը։ Հենց այդ պատճառով է կայացել այցը Թուրքիա, որտեղ Կոբախիձեն մասամբ ստացել է Էրդողանի աջակցությունը», - ասաց Մայիսայան։
Փորձագետը կարծում է, որ այս այցն օգնեց վրացական իշխանությանը ցանկալի արդյունքի հասնել։ Էրդողանը թեև զգուշություն և զսպվածություն է ցուցաբերել, այնուամենայնիվ նշել է, որ «Անկարան վճռականորեն աջակցում է Վրաստանին և ցանկանում է, որ իրադարձությունները բարենպաստ հանգուցալուծվեն վրաց ժողովրդի համար»:
Մայիսայան նշեց, որ ծավալված ներքաղաքական պայքարի ֆոնին իշխող կուսակցությունը Թուրքիայի առաջնորդի հայտարարությունն օգտագործում է իր նպատակների համար: «Վրացական երազանքի» համար կարևոր է ընդգծել, որ ստացել է ռազմավարական գործընկերոջ՝ հարևան երկրի աջակցությունը, որը նայում է դեպի Արևմուտք և ՆԱՏՕ-ի ակտիվ անդամ է:
Հիշեցնենք, որ Թբիլիսիում ապրիլի 15-ից ցույցեր են անցկացվում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագծի դեմ: Չնայած դրան, երկրի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը։ Ներկայում դրան դեմ են հանդես գալիս ընդդիմությունը, ոչ կառավարական կազմակերպությունները, ակտիվիստները, մասամբ էլ Արևմուտքը:
Այսօր հայտնի է դարձել, որ Վրաստանին պաշտոնապես աջակցել է քաղաքական խորհրդական, Հունգարիայի վարչապետի անվանակից Բալաժ Օրբանը: Նրա խոսքով՝ Հունգարիան հանդես կգա ԵՄ-ում «օտարերկրյա գործակալների» մասին այյն օրենքների ներդրման օգտին, որոնք նման են վրացականին։
Չինաստանն այս հարցում մտահոգություն է հայտնել։ Սակայն Պեկինը նշել է, որ այդ հարցն ամբողջությամբ Վրաստանի ներքին քաղաքականությունն է և ինքը մտադիր չէ միջամտել այլ երկրների ներքին գործերին: Նմանատիպ մեսիջով հանդես եկավ նաև Ռուսաստանը։