Կիրանցի բնակիչները մարզպետի հետ հանդիպումից հետո բացել են միջպետական ճանապարհը

Կիրանց
Կիրանցեցին պատմում է, թե ինչ է ասել մարզպետը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Կիրանցի բնակիչները Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանի հետ հանդիպումից հետո բացել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց գյուղի բնակիչներից մեկը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մարզպետը փակ հանդիպում է կազմակերպել Կիրանցի տղամարդկանց հետ։

«Մարզպետն ասեց` ոչ մի բան չի փոխվելու, սահմանազատվելու է,– ասաց հանդիպմանը մասնակցած կիրանցեցին և ավելացրեց,– այսինքն` ճանապարհը, 2 տունը, հողատարածքները, անցած տարի 100 միլիոն դրամով կառուցված ջրի պոմպակայանը անցնում են Ադրբեջանին»։

Նրա խոսքով` մարզպետը փորձել է գյուղացիներին հանգստացնել, ասել է` պատ կկառուցենք, փոխհատուցում կտանք։ Բայց կիրանցեցին հիշում է Սյունիքի Շուռնուխի պատմությունը, երբ արդեն 4 տարի է` մարդիկ դեռ տուն չունեն։
Գյուղացիները թևաթափ են եղել, հասկացել են, որ եթե ճանապարհը չբացեն, կարմիրբերետավորներ են բերելու։
Ոստիկաններն էլ բացել են դեպի գյուղ տանող ճանապարհը։
Հիշեցնենք` ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։
Կիրանցի բնակիչները դեմ են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածություններին։ Նրանք մայիսի 16-ից փակել էին Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը։