ՀՀ–ն ՌԴ–ից չի խնդրել իր սահմանապահներին չհանել Իրանի ու Թուրքիայի հետ սահմանից. ՀՀ ԱԽՔ

Արմեն Գրիգորյանը հայտարարել է` Հայաստան– Իրան ու Հայաստան– Թուրքիա սահմաններում ռուս սահմանապահների տեղակայումը պայմանագրային է, դուրսբերման հարց այս պահին չի քննարկվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Հայաստանը Ռուսաստանին չի խնդրել իր սահմանապահներին չհանել Իրանի ու Թուրքիայի հետ սահմանից։ Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտարարեց ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը։
Նա բացատրեց, որ եղել է խոսակցություն միայն «Զվարթնոց» օդանավակայնից Հայաստան– Ադրբեջան սահմանին գոյություն ունեցող 17 կետերից ու Սիսիանում և Գորիսում գործող ռուսական բազաների մասին։
«Մենք առաջարկեցինք ռուսական կողմին դուրս գալ այդ երեք կետերից (օդանավակայան, 17 կետ Տավուշում, բազաներ Սյունիքում), քանի որ դրանց տեղակայումը բաանավոր պայմանավորվածությունների արդյունք է եղել։ Նրանք համաձայնեցին, ինչից հետո իրենք հարցրեցին` արդյոք Հայաստան– Իրան ու Հայաստան– Թուրքիա սահմաններից էլ ենք ուզում, որ իրենք դուրս գան։ Մենք ասել ենք, որ այդ կետերում ռուս սահմանապահների տեղակայումը պայմանագրային է, մենք դա այս պահին չենք քննարկում»,– բացատրեց Արմեն Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ «Զվարթնոցից» ռուս սահմանապահների, ինչպես նաև Գեղարքունիքի, Սյունիքի, Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից զինվորականների և սահմանապահների դուրսբերման մասին հայտնի դարձավ մայիսի 9-ին:
Իր հերթին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Հայաստանի մի շարք մարզերից Ռուսաստանի զինվորականների և սահմանապահների դուրսբերումը համաձայնեցվել Է մայիսի 8–ին Մոսկվայում երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ:
Մայիսի 12-ին հայտնի դարձավ, որ ՌԴ սահմանապահները սկսել են փակել Սյունիքի իրենց հենակետերը։