ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա։ «Նեմեսիս» հուշակոթողի մոտ Բագրատ սրբազանի և դասախոս-գիտնականների հետ հանդիպումից հետո հայտարարել է ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, որն այդ պաշտոնը զբաղեցրել է 2016-2022 թվականներին։
«ՀՀ-ում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Չի կարող լինել որևէ մեկը, որ հակադրվի այս սահմանադրական և հոգևոր ճշմարտությանը։ Ես այստեղ եմ` ստորագրած լինելով գիտնականների համապատասխան հայտարարությունը, որի պահանջը ՀՀ գործող վարչապետի հրաժարականն է։ Ես ևս գտնում եմ, որ ՀՀ գործող վարչապետը պետք է հեռանա»,–ասաց նա։
Դավթյանը Տավուշի սահմանազատման գործընթացը որակում է ոչ թե որպես վատ լուծում, այլ լուծման բացակայություն։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվեցին սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Հայտարարվեց, որ սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարեց, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Վերջին տվյալներով` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։
Հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։ Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու։