ԵՐԵՎԱՆ, 17 մայիսի – Sputnik. Եվրամիությունը ողջունում է Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը, ինչը հանգեցրել է սահմանի մի քանի հատվածների վերաբերյալ համաձայնագրի կնքմանը: Տեղեկությունը հայտնում է ԵՄ պաշտոնական կայքը։
«Եվրամիությունը ողջունում է 1991 թվականի Ալմաթիի համաձայնագրի և, մասնավորապես, մայիսի 15-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանային հանձնաժողովների 9-րդ նիստի ընթացքում ստորագրված արձանագրության հիման վրա Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանազատման գործընթացի շրջանակներում ձեռք բերված առաջընթացը, ինչը հանգեցրել է սահմանի մի քանի հատվածների վերաբերյալ համաձայնագրի կնքմանը»,–նշված է հաղորդագրության մեջ։
ԵՄ-ն կողմերին կոչ է անում հետագա վճռական քայլեր ձեռնարկել երկկողմ չլուծված այլ հարցերի լուծման համար և շարունակում է հավատարիմ մնալ Հարավային Կովկասի տարածաշրջանում կայուն և կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերին։
Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվեր մինչև 2024 թ. մայիսի 15-ը:
ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։
Չնայած այդ ամենին` հայ–ադրբեջանական սահմանին արդեն 40 սահմանային սյուն է տեղադրվել։