Վահագն Չախալյանին և ևս 4 անձի ձերբակալել են

Վահագն Չախալյան
Քրեական վարույթ է նախաձեռնվել խմբակային խուլիգանություն կատարելու հոդվածով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարության մոտ անցկացված բողոքի ակցիայի ընթացքում առերևույթ խմբակային խուլիգանություն կատարելու կասկածանքով 5 անձ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Ձերբակալվածներից մեկը «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանն է, որը չի համաձայնել բողոքի ակցիան տվյալ տարածքում անցկացնելու վերաբերյալ քաղաքացիներից մեկի արտահայտած տեսակետին ու վիճաբանել վերջինիս հետ։
«Վ.Չ.-ն (Վահագն Չախալյանը. խմբ.) և նրա հետ ակցիայի մասնակից ևս մի քանի անձ հասարակության նկատմամբ անհարգալից կամ իրավական, բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք են ցուցաբերել, սկսել են քաշքշել նշված քաղաքացուն և հայհոյանքներ ու անպարկեշտ արտահայտություններ հնչեցնել նրա հասցեին։ Նշված արարքները դադարել են միայն ոստիկանության ծառայողների միջամտության արդյունքում, և դեպքի վայրից ակցիայի 5 մասնակից տեղափոխվել են ոստիկանության բաժին»,– ասված է հաղորդագրությունում։
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից)։
Դեպքի հանգամանքները պարզվում են նախաքննությամբ։
Հիշեցնենք` «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցներն այսօր հավաքվել էին կառավարության շենքի մոտ և իրենց անհամաձայնությունն էին հայտնում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կատարած աշխատանքներին։ Ակցիային էին միացել նաև «Կամք» նախաձեռնության անդամները։