ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Տավուշի մարզում ընթացող բողոքի ցույցերի պատճառով Երևան-Թբիլիսի երթուղին ժամանակավորապես փոխել է: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեցին Հայաստանից Վրաստան ուղևորափոխադրումներ իրականացնող խոշոր տրանսպորտային ընկերությունից։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Կիրանցի բնակիչները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը` դժգոհելով ՀՀ–ի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների որոշումներից։
Ընկերությունից պարզաբանեցին, որ այսօր առավոտից Երևանից Թբիլիսի են մեկնում ՀՀ Արագածոտնի մարզով` Ապարան, Սպիտակ, Վանաձոր, Ալավերդի ճանապարհով, մինչդեռ Երևան–Թբիլիսի հիմնական երթուղին անցնում է Աբովյան, Սևան, Դիլիջան, Իջևան (Սարիգյուղ- Կիրանց- Ոսկեպար), Նոյեմբերյան, Բագրատաշեն ճանապարհով։
ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները առավոտից գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։