Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Չինաստանի նախագահ Սի Ծինփինը բանակցություններ են սկսել Պեկինում, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
Մինչ ընդլայնված ձևաչափով հանդիպումը, տեղի է ունեցել նեղ կազմով շփում: Հանդիպման սկզբում Պուտինը հայտարարել է, որ Չինաստանը Ռուսաստանի գլխավոր գործընկերն է առևտրատնտեսական ոլորտում: Նրա խոսքով՝ համատեղ աշխատանքի ընթացքում Մոսկվային և Պեկինին հաջողվել է ձեռք բերել «համագործակցության պատկառելի ուղեբեռ»: ՌԴ նախագահը հիշեցրել է, որ 2023 թվականին երկկողմ առևտրաշրջանառությունն աճել է գրեթե մեկ քառորդով և հասել 227 մլրդ դոլարի։
Պուտինին Պեկինում դիմավորել են համազարկերով։ Պեկինի Ժողովրդական ժողովների տան դիմացի հրապարակում չինական ռազմական նվագախումբը նվագել է «Մերձմոսկովյան երեկոները»։
Բանակցությունների արդյունքում կողմերը կստորագրեն փաստաթղթեր։ Պուտինը և Սի Ծինփինը նախատեսում են նաև համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության հարաբերությունների խորացման մասին հայտարարություն ընդունել:
Ավելի ուշ առաջնորդների շփումը կշարունակվի արդեն ոչ պաշտոնական մթնոլորտում։ Սպասվում է, որ Պուտինն ու Սի Ծինփինը դեմ առ դեմ կզրուցեն թեյի սեղանի շուրջ և կշրջեն պալատի հարևանությամբ գտնվող այգում: Այնուհետև ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ առաջնորդներին կմիանան պատվիրակությունների որոշ անդամներ:
Սա Վլադիմիր Պուտինի առաջին արտասահմանյան այցն է նրա նոր նախագահական ժամկետի սկզբից ի վեր: Նախորդ անգամ նա Չինաստան էր այցելել 2023 թվականի հոկտեմբերին։