ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի հնչեցրած արտահայտությունները չեն հանդիսանում տվյալ խմբակցության դիրքորոշումը։ Այս մասին գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Նշենք, որ այսօր Գեղամ Նազարյանն այսօր այցելել է Տավուշի մարզի Կիրանց գյուղ, որտեղ տավուշցիները փակել են միջպետական ճանապարհը։ Պատգամավորի և գյուղացիների միջև թեժ խոսակցություն էր ծավալվել, խոսակցությանը մասնակցում էր նաև գնդապետ Միհրան Մախսուդյանը։ Այդ ամենը լուսաբանում էր լրագրող Անի Գևորգյանը։ Նազարյանը նկատելով տեսախցիկը` բարկացել է և կոպիտ կերպով պահանջել Գևորգյանից անջատել այն, ինչից հետո լեզվակռիվ է սկսվել։ ԱԺ պատգամավորը նշել է, որ լավ ճանաչում է Անի Գևորգյանի սեփականատերերին (հավանաբար նկատի է ունեցել լրատվամիջոցի – խմբ.) ու անձամբ իրեն։ Նազարյանը նաև մեղադրել է լրագրողին մանիպուլյացիաներ անելու մեջ, ապա հեռացել։ Մի փոքր անց, Անի Գևորգյանը կրկին մոտեցել է պատգամավորին ու սկսել նկարել, ինչը կրկին բարկացրել է Նազարյանին։
«Գեղամ Նազարյանի հնչեցրած հուզական արտահայտությունները չեն հանդիսանում «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը և չեն արտահայտում խմբակցության պատգամավորների տեսակետը: Հուսամ` պարոն Նազարյանը դեպքի հետ կապված լրացուցիչ պարզաբանումներ կներկայացնի: Հավելեմ նաև, որ մեզ համար անընդունելի է ԶԼՄ որևէ ներկայացուցչի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը կամ վիրավորանքը»,– գրել է Սաղաթելյանը։
Նշենք, որ երեկ ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները առավոտից գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։ Կիրանցի բնակիչները դեմ են Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների պայմանավորվածություններին։ Նրանք փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը։