ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հաստատեց ԼՂ–ից բռնի տեղահանվածների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին հանձնարարվեց՝ մինչև 2024 թ. հունիսի 5-ը, համագործակցելով ՀՀ կենտրոնական բանկի հետ, կառավարության հաստատմանը ներկայացնել ծրագրի իրականացման կարգը։
Նշվում է, որ ներկայում ԼՂ–ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման նպատակով իրականացվում է ՀՀ կառավարության 2022 թ. որոշմամբ հաստատված «Բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագիրը», որը հնարավորություն է տալիս 2020 թ. սեպտեմբերի 27-ի պատերազմի հետևանքով տեղահանված 4308 ընտանիքի (15 338 անձ) ձեռք բերել բնակելի անշարժ գույք կամ կառուցել անհատական բնակելի տուն ՀՀ–ում։
Կառավարության այսօրվա որոշմամբ սահմանվեց Ադրբեջանի կողմից 2020 թ. սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմից, ինչպես նաև 2023 թ. սեպտեմբերի 19-ից հետո ԼՂ–ից բռնի տեղահանված ընտանիքներին բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման հավաստագրի, անհատական բնակելի տան կառուցման հավաստագրի տրամադրման, գործող հիփոթեքային վարկի մարման աջակցության ծրագրի բաղադրիչները, ծրագրի շրջանակներում նախատեսված աջակցության չափերը, ծրագրի պայմանները։
Ընդհանուր առմամբ խոսքը շուրջ 25 000 ընտանիքների համար բնակարանային հասանելիության ապահովման մասին է։