ՀՀ–ն 230 հեկտար տարածք կկորցնի. Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը

Կիրանց
Դիվանագետներն ընդգծել են, որ ՀՀ իշխանությունը համառորեն շարունակում է անտեսել միակ իրավական հիմք ունեցող երկու գործընթացները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Երեկ և այսօր որպես դիվանագիտական մեծ ձեռքբերում ներկայացված սահմանազատման և սահմանագծման այսպես կոչված գործընթացը ոչ այլ ինչ է, քան ադրբեջանական վերջնագրի անվերապահ կատարում։Այս հայտարարությունը տարածել է Դիվանագետների համահայկական խորհուրդը։
«Այս ապօրինի գործընթացի արդյունքում Հայաստանն ունենում է 230 հեկտարի չափով տարածքային կորուստ, իսկ եթե դրան գումարվում են այս պահին Ադրբեջանի փաստացի վերահսկողության տակ գտնվող Բերքաբերի ջրամբարն ու հարակից տարածքներն, ապա միայն այս հատվածում մեր երկիրը կորցնում է շուրջ 1100 հեկտար տարածք»,– ասված է հայտարարությունում։
Դիվանագետներն անդրադարձել են նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե գործընթացի շրջանակներում ստեղծվում է ոչ թե նոր սահման, այլ վերականգնվում է գոյություն ունեցող սահմանը՝ համաձայն Ալմա Աթայի հռչակագրի։
«Եվս մեկ անգամ հարկ ենք համարում նշել, որ դա չի կարող հիմք հանդիսանալ սահմանազատման և սահմանագծման համար, քանի որ չի պարունակում որևէ քարտեզային նկարագիր»,– նշել են նրանք։
Ըստ հայտարարության` իշխանությունը համառորեն շարունակում է անտեսել միակ իրավական հիմք ունեցող երկու գործընթացները.
Առաջինը՝ 1928-1929 թթ. Հայաստանի և Ադրբեջանի խորհրդային հանրապետությունների Գերագույն խորհուրդների որոշումներով վավերացված քարտեզն է,
Երկրորդը՝ 1983-1988 թթ. ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի երեք որոշումների հիման վրա երկու խորհրդային հանրապետությունների միջև ձևավորված հանձնաժողովների կատարած աշխատանքների և վերջնական ճշգրտումների ավարտին ստորագրված182 արձանագրությունները՝ մանրամասն նկարագրերով։ Դրա արդյունքում փաստացի սահմանագծվել է հայ-ադրբեջանական975 կմ երկայնքով ողջ սահմանը (ներառյալ Նախիջևանը)։ Արձանագրությունների բնօրինակն ի պահ է հանձնվել ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի գեոդեզիայի և քարտեզագրության ինստիտուտին և մեկական օրինակ ուղարկվել է Հայաստանի և Ադրբեջանի ԽՍՀ Գերագույն խորհուրդներին։ Արձանագրությունների հիման վրա ԽՍՀՄ Մինիստրների խորհրդի հսկողությամբ1988 թ. հրատարակվել է պաշտոնական քարտեզ, ինչը բաց ու հասանելի էր բոլորին։
Հիշեցնենք` ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, բայց մոտ 25 հեկտար գյուղատնտեսական նշանակության հողեր, որոնք վերջին 33 տարում անհասանելի են եղել Կիրանցի համար, վերադարձվելու են գյուղին։