ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Միակ տարբերակը, որպեսզի հնարավոր լինի կասեցնել սահմանազատման այս գործընթացը, հասարակական ճնշումն է։ Կիրանցում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
«Այն, որ Երևանում հիմա 50 հազար մարդ է հավաքվում, պետք է 500 հազար լինեն, որ հնարավոր լինի ինչ–որ բան փոխել, որ քո երկրի ղեկավարը քո երկրի շահերը պաշտպանի, այլ ոչ թե Ադրբեջանի»,– հայտարարեց նա։
Պատգամավորի խոսքով` սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովն ընդամենը խորհրդակցական բնույթ ունի, և այն իրավունք չունի քարտեզ ստեղծելու։
«Նիկոլ Փաշինյանն ասում է` եղել է պիլոտային սահմանազատում, մինչդեռ ՀՀ արդարադատության նախարարությունն ասում է` ժամանակավոր սահմանազատում է դա։ Այ ընկերներ, պիլոտային հասկացողություն չկա, դրանք հեքիաթներ են. եթե սահմանը փոխվում է, պետք է լինի հանրաքվե։ Դա է պատճառը, որ իշխանությունը սահմանազատման համար նախատեսված քարտեզները մեզ` պատգամավորներիս, ցույց չեն տալիս»,– նկատեց Խաչատրյանը։
Նրա խոսքով` նույնը եղավ նաև խաղաղության պայմանագրի հետ կապված, երբ Ադրբեջանին փոխանցվող փաստաթղթերից մեկ–երկուսը սկզբում ընդդիմադիրներին ցույց տվեցին, իսկ հետո դադարեցրին ցույց տալ։
ՀՀ ԱԳՆ–ն մայիսի 15-ին հայտնեց, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովները նոր պայմանավորվածություններ են ձեռք բերել։ ՀՀ վարչապետի աշխատակազմը պարզաբանեց, որ, ըստ այդ պայմանավորվածությունների, Կիրանցում ճանապարհի տեղափոխման ու գույքային խնդիր է առաջանալու, և կառավարության ներկայացուցիչները առավոտից գույքագրելու են հնարավոր խնդիրները, որպեսզի փոխհատուցեն քաղաքացիների կրած վնասները։
Սահմանազատման արդյունքներից դժգոհ Տավուշի մարզի Կիրանց գյուղի բնակիչները մայիսի 16-ին փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը՝ պահանջելով հանդիպում ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի և մարզպետ Հայկ Ղալումյանի հետ։