ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի – Sputnik. Մոսկվայի Բասմանի շրջանային դատարանը մինչև օգոստոսի 22-ը երկարաձգել է «Կրոկուս Սիթի Հոլ»–ի ահաբեկչության ենթադրյալ երեք կատարողների կալանքի ժամկետները:
Կալանքի տակ կշարունակեն մնալ Մուհամմադսոբիր Ֆայզովը, Դալերջոն Միրզոևը, Մուրոդալի Ռաչաբալիզոդան։ Ենթադրվում է, որ այսօր որոշում կկայացվի նաև չորրորդ կատարողի՝ Շամսիդին Ֆարիդունիի վերաբերյալ։
Եվս մեկ նիստ տեղի կունենա վաղը։ Դատարանը երեկ հայտնել է, որ մայիսի 17-ին նշանակված է Ամինչոն Իսլոմովի կալանքը երկարացնելու միջնորդության քննարկումը:
Այս գործով Մոսկվայում ձերբակալվել են ընդհանուր առմամբ 12 մեղադրյալներ:
Հիշեցնենք` մարտի 22-ին Մոսկվայի շրջանի «Կրոկուս Սիթի Հոլ»–ում համերգից առաջ հրաձգություն էր եղել, այնուհետև հրդեհ էր բռնկվել:
Քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ ահաբեկչության զոհ է դարձել 144 մարդ, ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ տուժել է ավելի քան 150 մարդ: