ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունեց ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրենքի նախագիծը։ Տեղեկությունը հայտնում է DiarioArmenia-ն։
Նախագծով պետական բոլոր հեռուստա և ռադիոալիքները պարտավորվում են յուրաքանչյուր տարի ապրիլի 24–ին միաժամանակ անդրադառնալ Հայոց ցեղասպանության թեմային՝ տեսալսողական բովանդակության հեռարձակմամբ։
Նախագիծը ներկայացրել են խորհրդարանականներ Նազմի Կամարգոն, Մարիա Եվգենիա Ռոսելոն, Խուան Մարտին Ռոդրիգեսը և Միկաելա Մելգարը:
Խորհրդարանականներն իրենց ելույթների ընթացքում դատապարտել են այն ձևը, որով Թուրքիայի ժխտողականությունը և նրա անպատժելիությունը խթանել են Ադրբեջանի հանցագործությունները ՀՀ և ԼՂ բնակիչների նկատմամբ վերջին տարիներին` ներառյալ հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը:
Նշվում է, որ հաստատված նախագիծը հիմնված է Ավետարանական եկեղեցու դոկտոր Գուստավո Վանեսկահյանի նախաձեռնության վրա, որը հրապարակային դառնալուց հետո ստացել է հայ համայնքի տարբեր հաստատությունների, այդ թվում՝ Ուրուգվայի Հայ դատի խորհրդի աջակցությունը:
Հիշեցնենք, որ Ուրուգվայի Սենատորների պալատը մայիսի 7-ին միաձայն կողմ էր քվեարկել յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ը «Հայոց ցեղասպանության հիշատակի օր» հռչակող օրենքի նախագծին:
Հայոց ցեղասպանությունն առաջինը պետական մակարդակով ճանաչել է Ուրուգվայը 1965 թվականին, այնուհետև նրա օրինակին են հետևել ևս 27 երկրներ` Արգենտինան, Ավստրիան, Բելգիան, Բոլիվիան, Բրազիլիան, Կանադան, Չիլին, Կիպրոսը, Չեխիան, Դանիան, Գերմանիան, Հունաստանը, Լատվիան, Լիտվան, Լյուքսեմբուրգը, Նիդեռլանդները, Պարագվայը, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Ռուսաստանը, Սիրիան, Սլովակիան, Շվեդիան, Շվեյցարիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ն։
Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին նաև հռչակագրեր և բանաձևեր են ընդունել մի շարք միջազգային կազմակերպություններ և միջազգային կառույցներ, այդ թվում՝ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաև տարբեր երկրների վարչատարածքային միավորներ՝ նահանգներ և քաղաքներ։