Ճանապարհը բացեցին. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցները շարժվեցին դեպի եկեղեցի

Ոստիկանները ենթարկվեցին Բագրատ սրբազանի պահանջին և բացեցին ճանապարհը բողոքի ակցիայի մասնակիցների համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը բացեց Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին հարող տարածքը, և «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ներկայացուցիչները շարժվեցին դեպի Սուրբ Աննա եկեղեցի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հազարավոր մարդիկ հավաքվել են այդ հատվածում, քանի որ օպերայի շենքում կազմակերպվել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան համաժողովը, որին մասնակցում է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Ակցիայի մասնակիցները որոշեցին գնալ դեպի Սայաթ–Նովա պողոտա` Սուրբ Աննա եկեղեցու բակ, բայց ոստիկանները թույլ չտվեցին։ Ավելի ուշ հայտարարվեց, որ Ազատության հրապարակում նախատեսված միջոցառումը, որի մասին հայտարարվել էր, որ տևելու է մինչև 20։00-ն, հարգելի պատճառներով երկարաձգվելու է մինչև 22։00–ն։

Բայց ոստիկանները 20։00-ին հանեցին Թումանյան փողոցում տեղադրված արգելապատնեշները, քաղաքացիներն էլ «Հայ, Հայաստան, հայրենիք ու Աստված» վանկարկումներով առաջ շարժվեցին։

Նրանք նաև սկսեցին վանկարկել «Նիկոլ, դավաճան», սակայն Բագրատ սրբազանը հորդորեց այլևս այդ անունը չհնչեցնել, ինչպես նաև առհասարակ բացասական արտահայտություններ չանել։
Շարժման մասնակիցներն այս պահին շարժվում են դեպի Սուրբ Աննա եկեղեցու բակ` օրն ամփոփելու։
Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։