«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը պիտի հաջողի, այլապես նոր կորուստներ կլինեն. Շարմազանով

Էդուարդ Շարմազանով
Քաղաքական գործչի խոսքով` իշխանություններին հրաժարական պարտադրելու փորձերը չպետք է դադարեցվեն, քանի դեռ նրանք չեն հեռացել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը վերկուսակցական շարժում է, որը պետք է հաջողի, հակառակ դեպքում ներկայիս իշխանության շարունակականության պայմաններում Հայաստանը կկանգնի նոր կորուստների ու սպառնալիքների առաջ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ նախկին փոխխոսնակ, ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը։
Նրա կարծիքով՝ չպետք է դադարեցնել կառավարության հրաժարականը պարտադրելու փորձերը, քանի դեռ այս իշխանությունը չի հեռացել։
«Պայքարի փորձերը պետք է լինեն այնքան, մինչև ազատվենք թուրքահպատակ, հակապետական ռեժիմից։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը 6 տարիների ընթացքում բոլոր ասելի ու անասելի պրոբլեմներն ու արհավիրքները բերել է հայ ժողովրդի գլխին։ Նա ստացել է երկու հայկական պետություն, որոնցից մեկը` Արցախն այսօր գոյություն չունի, հայաթափված է, երկրորդին, Փաշինյանի խոսքերով, սպառնում է կործանման վտանգ»,–ասաց Շարմազանովը։
Նա ընդգծեց` Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը փրկելու, Հայաստանի պետականության փշրանքները պահպանելու առաջին քայլը պետք է լինի Նիկոլ Փաշինյանին ու նրա թիմին հեռացնելը։
Շարմազանովը հիշեցրեց` դեռ 2020 թվականին էր նախազգուշացնում, որ եթե Նիկոլ Փաշինյանը մնա, Արցախը հանձնելու է։ Հիմա էլ ասում է, եթե Նիկոլ Փաշինյանը մնա, Հայաստան չի լինելու։
Քաղաքական գործչի խոսքով` Հայաստանի Հանրապետությունը նախևառաջ պետք է լինի ժողովրդի իղձերի, նպատակների հանրապետությունը։ Իսկ այսօր Հայաստանի ղեկավարը հրաժարվում է Արարատ լեռից, վախենում է հիշատակել Արցախի անունը, քարոզում է թուրքական նարատիվներ, հրաժարվում է խոսել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման մասին։
Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։
Այս պահին ակցիա է ընթանում Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնին հարող տարածքում։