Սլովակիայի վարչապետի վիճակը ծանր է, նրան դեռ վիրահատում են. նախարար

Ռոբերտ Ֆիցո
Մի քանի օրգան է վնասվել, վիրահատությունը երկար կտևի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի վիճակը ծանր է, նրան դեռ վիրահատում են։ Սլովակիայի «Markiza» հեռուստաալիքի եթերում այդ մասին հայտնել է Սլովակիայի աշխատանքի նախարար Էրիկ Տոմաշը։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Վարչապետի վիճակը ծանր է», - ասել է Տոմաշը:
Նա նշել է, որ այժմ Ֆիցոյին վիրահատում են, և վիրահատությունը կարող է երկար տևել, քանի որ հրազենային վնասվածքի հետևանքով մի քանի օրգան է վնասվել:
Տոմաշը, ինչպես եւ կառավարության մյուս անդամները, Ֆիցոյին ուղեկցել են կառավարության արտագնա նիստում, որից հետո վարչապետի դեմ մահափորձ է կատարվել:
Հիշեցնենք` Ֆիցոյի դեմ մահափորձ է իրականացվել կառավարության արտագնա նիստից հետո Գանդլովա քաղաքում՝ Բրատիսլավայից 190 կմ հեռավորության վրա։ Կրակոցները հնչել են, երբ քաղաքական գործիչը դուրս է եկել մարդկանց մոտ։
ԶԼՄ-ների տվյալներով՝ Սլովակիայի վարչապետի վրա կրակել են 3 կամ 4 անգամ: Հանդիպման պահին որևէ մեկը հակակառավարական կարգախոսներ չի բղավել, իսկ հավաքվածների մեջ միայն մեկ մարդ է եղել կառավարության դեմ դրոշով։
Սոցցանցերում լուրեր են պտտվում, որ Սլովակիայի վարչապետի վրա կրակել է 71-ամյա գրող և ընդդիմադիր «Առաջադիմական Սլովակիա» կուսակցության կողմնակից Յուրայ Ցինտուլան: