«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայում շնորհակալական խոսքերով դիմեց փողոցները փակած հարյուրավոր ոստիկաններին։
Նշենք, որ այսօր Օպերայի և բալետի թատրոնում ժամը 17։00–ին կայանալու է EBRD միջազգային ֆորումը, որին մասնակցելու է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը երեկ հայտարարել էր, որ նույն վայրում պետք է ակցիա իրականացնի ընդդեմ վարչապետի։
«Ես ուզում եմ պաշտոնապես շնորհակալություն հայտնել ոստիկանությանը, որ ձեր փոխարեն այսօր բոլոր փողոցները փակել է։ Անհավատալի բան է տեղի ունենում. ընդամենը երեկ գիշեր, մենք ասել ենք որ հավաքվելու ենք մեր անհամաձայնությունը հայտնենք մեկ մարդու, նրա գործունեությանը, և գիշերվանից մեզ տեղեկություններ են հասնում, որ քանի հազար ոստիկան բերել, կարգել են այստեղ, որպեսի այդ մեկ մարդու անվտանգությունը պահեն»,–ասաց Բագրատ սրբազանը։
Նրա խոսքով` դա նշանակում է վախ սեփական ժողովրդից, օտարված լինել, դա նշանակում է հեծանիվի և մետրոյի խոստումից վերածվել ոստիկանական շղթայական պատնեշով պաշտպանվողի։
Բագրատ սրբազանն ընդգծեց, որ բացի ոստիկաններից, Փաշինյանին են եկել ժողովրդից պաշտպանելու նրա հարյուրավոր թիկնապահները։
«Ժողովուրդ, դուք այսպիսի երկիր եք երազե՞լ, դուք այսպիսի աղետի մեջ ապրել եք երազե՞լ։ Այս ամենն ուղղակի անարգանք է մարդու իրավունքների հանդեպ»,–ասաց սրբազանը։
Նա հայտարարեց, որ այս պահին այս հանրահավաքը համարում է ժողովրդի փոքրիկ հաղթանակը, քանի որ ընդամենը մի խոսքից իշխանությունն այդպես տակնուվրա է եղել։
Սրբազանն ընդգծեց, որ այսօրը առանցքային կարող է լինել, քանի որ ինքը Տավուշից լուրերի է սպասում, որը կարող է լինել այսօրվա երկրորդ փոքրիկ հաղթանակը։
Անդրադառնալով ակցիաներին, սրբազանը հայտարարեց, որ շատերն իրեն մեղադրում են չափից խաղաղ ակցիաներ անցկացնելու համար։ «Խաղաղը չափից շատ չի լինում, ժողովուրդ, չափից շատ խաղաղը մեռած մարդն է, այն էլ հարց է, հոգին խաղաղ է, թե ոչ»,–կատակեց նա։
Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։