ՌԴ ԱԳՆ-ն ողջունում է Միրզոյանի և Բայրամովի բանակցությունները Ալմաթիում

Միրզոյան–Բայրամով հանդիպումը Ալմաթիում. Արխիվային լուսանկար
Ռուսաստանի ԱԳՆ-ն Ղազախստանի բանակցությունները անվանել է ևս մեկ քայլ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու ճանապարհին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Պաշտոնական Մոսկվան ողջունում է Ալմաթիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ:
«Մենք ողջունում ենք մայիսի 10–11-ը Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների անցկացումը։ Սա ևս մեկ քայլ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության, բարգավաճման հասնելու ճանապարհին։ Մենք աջակցում ենք Ղազախստանի ջանքերին այդ ուղղությամբ։ Անհրաժեշտության դեպքում պատրաստ ենք ամեն կերպ աջակցել գործընկերներին»,– ասել Է Զախարովան։
Նա կարևոր է համարում, որ Ալմաթիում շփումները ընթանում են ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածությունների հիման վրա, որոնցով սահմանվել է հայ–ադրբեջանական կարգավորման գործընթացի «ճանապարհային քարտեզը»:
Մայիսի 10–11–ը Ալմաթիում կայացել են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի ուղիղ բանակցությունները: Հանդիպման նախաձեռնողը Ղազախստանի նախագահ Կասիմ–Ժոմարտ Տոկաևն էր: Միրզոյանն ավելի ուշ հայտարարել է, որ Ալմաթիում Ադրբեջանի հետ բանակցություններն անցել են կառուցողական մթնոլորտում։