ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. 2018 թվականից Հայաստանի տնտեսությունն աճել է գրեթե 30 տոկոսով, պետական բյուջեի եկամուտներն աճել են ավելի քան 91 տոկոսով, ստեղծվել է շուրջ 200 հազար աշխատատեղ, որը ընդհանուր աշխատատեղեր թվի մեջ նշանակում է մոտ 37 տոկոս աճ: Այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովի ժամանակ:
Նրա խոսքով՝ դա հնարավոր է դարձել, քանի որ տնտեսվարողները ազատ, առանց սահմանափակումների տնտեսական գործունեություն ծավալելու հնարավորություն են ստացել։
Ըստ Փաշինյանի` ՀՀ իշխանությունները զգալիորեն կրճատել են ստվերային տնտեսությունը և սկզբունքային պայքար են մղում կոռուպցիայի դեմ։
ՀՀ վարչապետն ընդգծեց, որ այսօր պետք է ամրապնդել պետական ինստիտուտները, ինչպես նաև կրթության և գիտության ոլորտի ենթակառուցվածքները, որոնց բյուջետային ֆինանսավորումը 2018 թվականից ի վեր ավելացել է ավելի քան երկու անգամ:
«Անհրաժեշտ է ոչ միայն պատրաստել ավելի որակյալ մասնագետներ, այլև հասկանալ, որ կրթությունը ցկյանս գործընթաց է: Այն, որ Հայաստանում դեռ չեն գիտակցում դա, իր մաշկի վրա զգում է նաև մասնավոր բիզնեսը, որը ժամանակակից պահանջներին համապատասխանող որակյալ կադրերի պակաս ունի»,– հայտարարեց Փաշինյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 14–ին Երևանում մեկնարկել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի 33–րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը։ Համաժողովի ընթացքում բարձր մակարդակի երկխոսություն է ծավալվում արդիական թեմաների շուրջ: Երևանյան համաժողովին շուրջ 2000 պատվիրակ է մասնակցում: