Մերձմոսկվայում բացահայտել են կեղծ ուկրաինական անձնագրերով միգրանտների օրինականացման սխեման։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ ՔԿ մերձմոսկովյան ղեկավարի ավագ օգնական Օլգա Վրադին:
Հետաքննության տվյալներով՝ 2023 թվականի հուլիսից դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում միգրացիոն ծառայության աշխատակիցը տեղի երեք բնակիչների հետ կազմակերպել է անօրինական մուտք ՌԴ 11 օտարերկրյա քաղաքացիների համար։ Ուկրաինայի քաղաքացիության և Խերսոնի մարզում գրանցման մասին կեղծ փաստաթղթերի հիման վրա միգրանտները պարզեցված ձևով ՌԴ անձնագրեր են ստացել։ Այս ծառայության համար նրանք վճարել են 400-ից 700 հազար ռուբլի:
«Ձերբակալվել է 15 մարդ։ Ձերբակալվածների թվում են Դոմոդեդովո քաղաքում ներքին գործերի նախարարության Միգրացիոն ծառայության նախկին աշխատակից, երեք քաղաքացիական անձ և 11 օտարերկրյա քաղաքացի (Վիետնամ, Ուզբեկստան և Ադրբեջան): Կախված յուրաքանչյուրի դերից` նրանք կասկածվում են անօրինական միգրացիայի կազմակերպման, պաշտոնեական կեղծիքի և ակնհայտ կեղծ փաստաթուղթ օգտագործելու մեջ», - ասել է Վրադին։
Նա նաև ավելացրել է, որ ֆիգուրանտների բնակության և աշխատանքի վայրում արդեն խուզարկություններ են կատարվել, առգրավվել են բջջային հեռախոսներ, գումար և կեղծ փաստաթղթեր:
«Ներկայումս չորս կասկածյալների նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, 11 մարդ գտնվում է չհեռանալու մասին ստորագրության տակ», - եզրափակել է նա:
Ավելի ուշ ՌԴ ՆԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը հստակեցրել է, որ փաստաթղթավորվել է միգրանտների անօրինական գրանցման 12 փաստ, գերատեսչության աշխատակիցը, որը մասնակից է եղել, հեռացվել է: