ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները Ալ. Սպենդիարյանի անվան Օպերայի և բալետի շենքի մոտ են` անհամաձայնություն հայտնելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Հայտնել ենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդներից Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մայիսի 14–ին հայտարարել էր, որ մայիսի 15-ին` ժամը 17։00–ին, երթով պետք է շարժվել Օպերայի տարածք` վարվող քաղաքականության համար պատաասխան պահանջելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից, որը ելույթ է ունենալու EBRD միջազգային ֆորումի շրջանակում։
Երևանի տարբեր հատվածներից մի քանի հարյուր քաղաքացիներ երթով հասել են Ազատության հրապարակ։ Հյուսիսային պողոտայի կողմից` Թումանյան փողոցի հատվածում, բազմաթիվ ոստիկաններ կան, որոնք սահմանափակել են մարդկանց տեղաշարժը։ Նաև երկաթե արգելապատնեշներ ենտեղադրվել։ Նույն իրավիճակն է նաև Օպերայի շենքին հարող այլ փողոցներում։
Թումանյան փողոցի մոտ քաղաքացիները նաև «վուվուզելներով» անդադար սուլում են` ի նշան բողոքի, երբ այդ մասով անցնում են EBRD-ի ներկայացուցիչները։
Մաշտոցի պողոտայի հատածում հավաքված քաղաքացիներն էլ վանկարկում են` «Նիկոլ, դավաճան», «Ամոթ», երբ եվրոպացի պատվիրակությունները փորձում են ավտոբուսներով անցնել։
Հիշեցնենք, որ հայ–ադրբեջանական սահմանազատումից դժգոհ քաղաքացիները տևական ժամանակ ակցիաներ էին անում Տավուշի մարզում։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու նրանց կողմնակիցները մայիսի 4-ին որոշեցին Կիրանց գյուղից երթով գալ Երևան։ Մայիսի 9-ին նրանք հասան մայրաքաղաք։ Այդ օրը Հանրապետության հրապարակում հանրահավաք տեղի ունեցավ, և շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեկ ժամ ժամանակ տվեց հրաժարականի համար, ինչը տեղի չունեցավ։ Դրանից հետո նա կոչ արեց մայիսի 10-ից անհնազանդության խաղաղ ակցիաներ սկսել ամբողջ հանրապետությունում։
Շարժման մասնակիցներն ու կողմնակիցները հաջորդ օրվանից սկսեցին փողոցներ ու ճանապարհներ փակել, իրազեկման ակցիաներ իրականացնել` քաղաքացիներին հորդորելով միանալ իրենց։