Հարավային Կովկասը կարող է զարգանալ` տարածաշրջանի երկրների շահերը հաշվի առնելով. ՀՀ նախագահ

Հարավային Կովկասի զարգացմանը, ըստ Խաչատուրյանի, ուղղված է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն է ակտիվացնել տնտեսական կապերը տարածաշրջանի երկրների հետ և նրա սահմաններից դուրս:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 15 մայիսի – Sputnik. Հարավային Կովկասը կարող է զարգանալ միայն տարածաշրջանի բոլոր երկրների շահերը հաշվի առնելով։ Այս մասին հայտարարեց ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը՝ ելույթ ունենալով Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի տարեկան ժողովի շրջանակներում Երևանում անցկացված ՀՀ ներդրումային հնարավորությունների նստաշրջանի ժամանակ:
Նա ընդգծեց, որ միայն տարածաշրջանի բոլոր պետությունների մասնակցությամբ, նրանց կենսական շահերի համադրմամբ հնարավոր կլինի Հարավային Կովկասում կայուն զարգացման նախադրյալներ ստեղծել։
ՌԴ–ն մասնակցում է ՀՀ–ի առաջարկած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացմանը. Օվերչուկ
Խաչատուրյանը նաև նշեց, որ տարածաշրջանի զարգացմանն է ուղղված է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որի նպատակն է ակտիվացնել տնտեսական կապերը տարածաշրջանի երկրների և արտատարածաշրջանային պետությունների հետ:
Նրա խոսքով` վերջին տարիներին կա բարձր տնտեսական աճ՝ տարեկան միջինը 9%:
«Իհարկե, ազդել են նաև բարենպաստ արտաքին գործոնները` օտարերկրյա աշխատուժի ներհոսք, համաշխարհային բորսայական գների նվազում։ Մասնագետները միահամուռ նշում են, որ մեծ դեր են խաղում նաև ՀՀ կառավարության միջոցառումները՝ արտադրողականության բարձրացման և տեխնոլոգիապես բարդ արտադրանք թողարկող նոր արտադրությունների ստեղծման ուղղությամբ»,– հայտարարեց ՀՀ նախագահը։
Խաչատուրյանի խոսքով` տարածաշրջանում և աշխարհում ոչ բոլոր արտաքին գործընթացներն են բարենպաստ եղել, բայց Հայաստանը կարողացել է պահպանել կայունությունը տնտեսության մեջ։
ՀՀ–Ադրբեջան երկաթուղու բացման փաստաթղթերը պատրաստվածության բարձր աստիճանի վրա են. Օվերչուկ
Հիշեցնենք, որ մայիսի 14–ին Երևանում մեկնարկել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) 33–րդ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը։ Համաժողովի ընթացքում բարձր մակարդակի երկխոսություն է ծավալվում արդիական թեմաների շուրջ, կայացվում որոշումներ բանկի զարգացման ռազմավարական հարցերի վերաբերյալ: Երևանյան համաժողովին շուրջ 2000 պատվիրակ է մասնակցում: